Հայաստան

7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուից. Իրինա Մարտիրոսյանը հայտնվել 42 լավագույն կանանց շարքում

2 րոպեի ընթերցում

7 րոպեում պատրաստվող արագ ճաշեր՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուից. Իրինա Մարտիրոսյանը հայտնվել 42 լավագույն կանանց շարքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոհարար-տեխնոլոգ Իրինա Մարտիրոսյանը երկար տարիներ իր մասնագիտությամբ տարբեր ռեստորաններում աշխատելու ընթացքում որոշել է հիմնական աշխատանքին զուգահեռ նաև սեփական բիզնեսով զբաղվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հայկական ընտանիքներում սիրված ու ավանդական համարվող ճաշատեսակները՝ Իրինայի բաղադրատոմսով, կարելի է պատրաստել ընդամենը 7 րոպեում։

Իրինա Մարտիրոսյանը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու է։ Համացանցում հայտարարությունը տեսնելուց հետո հայտ է լրացրել ու յուրահատուկ բիզնես ունենալու արդյունքում հայտնվել 42 լավագույն կանանց շարքում, որոնք հաջողակ գործընկերներից բիզնեսը զարգացնելու համար 1 մլն դրամ դրամաշնորհ են ստացել։ 

«Հիմնադրամի տրամադրած գումարով ամբողջությամբ վերազինել ենք արտադրամասը և ավելացրել վաճառքի ծավալները։ Ձեռք եմ բերել սառցարաններ, սառնարան, գազօջախ, օդորակիչ, մսաղաց, կահավորել եմ արտադրամասը՝ ըստ մեր ներկայացրած բիզնես պլանի։ Նախատեսում եմ, որ առաջիկայում վաճառքների ծավալները ավելի կշատանան, կսկսեմ գործակցել նոր խանութների հետ։ Վաճառքի ավելացման պարագայում, կարծում եմ, նաև աշխատակիցներ կընդունենք, հիմնականում կընտրենք մեր գյուղի այն կանանց, որոնք կյանքի դժվարին իրավիճակներում են հայտնվել»,- ասել է ծրագրի շահառուն։ 

Իրինան մեծ հույս ունի, որ շուտով կրկին կմասնակցի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրին, բայց ոչ թե աջակցություն ստանալու ակնկալիքով, այլ աջակցելու պատրաստակամությամբ՝ որպես հաջողակ ու կայացած կին գործարար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում