ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի մի խումբ երիտասարդ թատերական գործիչներ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը կմասնակցեն Երևանում կայանալիք «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն Թատերական միությունների միջազգային համադաշնության և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նոր նախագիծն է, որն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Նախաձեռնությունն արդեն դարձել է միջազգային ռեժիսորական լաբորատորիաների տրամաբանական շարունակությունը, որոնք իրականացնում են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը վերջին 25 տարվա ընթացքում:
Թատերական դպրոցի համակազմակերպիչներն են Հայաստանի թատերական գործիչների միությունը և Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ Միջազգային թատերական ակուստիկ դպրոցի դասախոսական խումբը կղեկավարի ռուս հանրահայտ ռեժիսոր, ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վիկտոր Ռիժակովը։
Իննօրյա աշխատանքի ընթացքում կստեղծվի ներկայացում, որը կցուցադրվի Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։ Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիայի պարապմունքների անցկացման հիմնական վայրերն են Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փորձասենյակներն ու բեմը, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության կամերային բեմը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների և թատերասեր երիտասարդների համար, որոնք ցանկանում են հետևել աշխատանքային գործընթացին, մուտքն ազատ է։