ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» ընկերությունը hոկտեմբերի 26-ին կանցկացնի ամենամյա «Գրքի գիշերը»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրը ընկերության բոլոր մասնաճյուղերում 17:00-ից մինչև 22:00-ն, իսկ books.am-ում 22:00-ից մինչև հոկտեմբերի 27-ի առավոտյան 10:00-ն, կգործի 30 տոկոս զեղչ ամբողջ տեսականու համար:
Նախորդ տարիների պես այս տարի ևս կանցկացվի գրքերի խաղարկություն։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «Բուկինիստ»-ը գրքերի ու գրականության հանդեպ սերն ու կապը կփորձի տարածել նաև մարզերում: Ընթերցասերները զեղչով կարող են գրքեր ձեռք բերել նաև Վանաձորում:
Ընկերության հիմնադիր-տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով՝ «Բուկինիստ»-ն անում է ամեն բան, մարդկանց գրքին կապելու առիթներն ավելի հաճախակի դարձնելու, գրքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը մեծացնելու համար: Ըստ նրա՝ սա կիրթ ու գրագետ սերունդ ունենալու, հայկական գիրքն ու գրական ավանդույթները պահպանելուն ուղղված քայլերից մեկն է:
Այդ նպատակով նույն օրը՝ հոկտեմբերի 26-ի 13:00-ից Ամիրյան 2 հասցեում գտնվող «Բուկինիստ»-ի մասնաճյուղում կբացվի Արցախում հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք: