ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌեԱ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին կբացվի ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ՌեԱ փառատոնի շրջանակում հայերեն է թարգմանվել Գերմանացի արտիստ Ռայնհարդ Կյաստի «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատման գիրքը, որի շնորհանդեսը ևս տեղի կունենա ցուցահանդեսի բացման ժամանակ։
Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատման գրքի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը. գիրքը հայերեն և ֆրանսերեն արդեն իսկ հրատարակվել էր Ֆրանսիայում։
Կներկայացվեն Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապատումները։ Ցուցադրվելու է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը Rea Comics Art-ի նախորդ տարվա հաղթող նախագծերից է։
Շնորհանդեսին տեղի է ունենալու գրքի ստորագրման արարողություն։
Այս տարի ևս ազգային պատկերապատման մրցույթին ներկայացվել է շուրջ 14 նախագիծ հայ ստեղծագործողների կողմից, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետներ։
Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 23-ի ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում (հասցե՝ Աբովյան 18):