Կարճ ժամանակում գերշահույթ ստանալու գայթակղությանը տրվելով՝ շատերը հայտնվել են կիբերհանցագործների թիրախում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում վերջին 4 տարվա ընթացքում կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների դեպքերը նկատելի աճել են։ Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում նման հանցագործությունների զոհ։ Եթե 2019, 2020 թվականներին տարեկան արձանագրվում էր միջինը 300 դեպք, ապա հաջորդող տարիներին այդ ցուցանիշը դարձավ 800 և ավելին։ 2022 թվականին գրանցվել է կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների 1158, 2023 թվականին 1198 դեպք։ Ընթացիկ տարվա 8 ամսում արդեն 752 դեպք է գրանցվել։ Սրանք այն դեպքերն են, որոնք արձանագրել է ոստիկանությունը, սակայն քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները սոցիալական տիրույթում ֆինանսական հափշտակությունների զոհ են դառնում, բայց չեն դիմում իրավապահներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը նշեց, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց խաբեությունների ձևերը փոխվում են և նոր գործիքակազմերով են փորձում քաղաքացիներին ծուղակը գցել։
«Եթե վերլուծենք վերջին 2 տարվա ընթացքում արձանագրված հանցագործությունները, ապա կտեսնենք, որ առավել մեծ թիվ են կազմում տարբեր ֆինանսական շուկաներում ներդրումային խարդախությունները։ Տարբեր գովազդների միջոցով մեր քաղաքացիներին հորդորում են, շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել՝ խոստանալով դրամական մեծ շահույթ։ Վերջին շրջանում նոր տեխնոլոգիաներն են գործի դրվել, մասնավորապես, արհեստական բանականությունը, որոնք հնարավորություն են տալիս ավելի շատ քաղաքացիների թիրախավորել՝ հափշտակելով գումարներ»,-ասաց Հայկ Մկրտչյանը։
Վերջին շրջանում քաղաքացիներին ներդրումներ կատարելու առաջարկներ են անում՝ օգտագործելով նշանավոր մարդկանց նկարները։ Ավելին, Հայկ Մկրտչյանը նկատեց, որ եթե 4 տարի առաջ ներդրումային կեղծ գործարքները սոցիալական ցանցերում դրսևորվում էին զուտ հաղորդագրությունների տեսքով, ապա ներկայում հանցագործներն օգտագործում են արհեստական բանականության հնարավորությունները, կեղծում են ձայնը, ժեստերը և հայտնի մարդկանց կերպարով շրջանառում են տեսանյութեր ու հորդորում ներդրումներ կատարել, այս կամ այն ապրանքը գնել՝ մարդկանց գցելով ծուղակը։
«Ցավոք, ունեցել ենք դեպք, երբ քաղաքացիներից մեկը կատարել է 100 հազար դոլարը գերազանցող ներդրում՝ մտածելով, որ կարճ ժամանակահատվածում մեծ գումար կաշխատի։ Իմ հորդորն է մեր քաղաքացիներին, հիշեք, ոչինչ չանելով կարճ ժամանակում մեծ գումարներ չեն աշխատում։ Ուշադիր եղեք և մի տրվեք այդ գայթակղությանը»,-ասաց մասնագետը։
Ներդրումային խարդախություններից բացի, խաբեության տարածված ձևերից ֆիշինգային եղանակով բանկային հաշվի գումարը հափշտակելն է։ Քաղաքացիներին SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում են հղումներ, ասելով, որ ծանրոց ունեն և անհրաժեշտ են բանկային քարտի տվյալները։ Քաղաքացիներն էլ առանց ճշտելու խաբվում են։
Հաջորդ շրջանառվող խաբեության տեսակը յութուբում տարբեր տեսանյութեր դիտելն է ու դրանց մեկնաբանությունների հատվածում գրառումներ կատարելը։ Քաղաքացին դա կատարելով տեսնում է, որ գումար է կուտակվում։ Ինչ-որ փուլից, երբ պետք է այդ գումարը փոխանցվի քաղաքացու հաշվին, պահանջվում են բանկային քարտի տվյալները։ Արդյունքում՝ քաղաքացին կորցնում է իր հաշվի գումարը։
«Հիշեք, համացանցում հնարավոր չէ ոչինչ չանելով գումար աշխատել կամ գումար ներդնել ու կարճ ժամանակում ստանալ գերշահույթ։ Դրանից բացի, եթե զանգում են ու ասում, թե իբր բանկից է և բջջային համարին եկած կոդն է անհրաժեշտ, ապա ոչ մի դեպքում չպետք է տրամադրել։ Անհրաժեշտ է անձամբ զանգել բանկ ու ճշտել»,-հավելեց Հայկ Մկրտչյանը։