Հայաստան

Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում շուրջ 50 տոկոսով ավելացել է անպտղությունը հաղթահարած կանանց թիվը

2 րոպեի ընթերցում

Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում շուրջ 50 տոկոսով ավելացել է անպտղությունը հաղթահարած կանանց թիվը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում շուրջ 50 տոկոսով ավելացել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով անպտղությունը հաղթահարած կանանց թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին:

«Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովելու բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` նշել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում պետությունը տարեցտարի ընդլայնում է ծառայությունների շրջանակն ու շահառուների թիվը և այս հնարավորությունը փոխում է և՛ ծնողների, և՛ հարազատների, և՛ նաև համայնքի կյանքն ու ստեղծում նոր` ապրեցնող մթնոլորտ:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի և ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորում իրականացրած պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, պրոֆեսոր Զիոն Բեն Ռաֆայելը (Իսրայել), բրիտանացի գիտնական Ռամի Վակիմը, իրենց խոսքում ընդգծել Հայաստանում այս ոլորտի տեսանելի ձեռքբերումները: 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով` Հայաստանի օրենսդրական դաշտը լավագույն պայմաններն է ապահովում օժանդակ տեխնոլոգիաներով վերարտադրողական բժշկության զարգացման համար: Իսկ բարեփոխման արդյունքներին իրենք գործնականում ամեն օր են առնչվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում