Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի լուծումը տեսնում է երկկողմ բանակցությունների ճանապարհով

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի լուծումը տեսնում է երկկողմ բանակցությունների ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի հաստատման դեպքում ու հանձնաժողովների համատեղ գործունեության ընթացքում  ցանկացած ռազմական գործողություն կլինի դելեգիտիմ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե կանոնակարգի իրականացման ընթացքում էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել:  «Պե՞տք է կանոնակարգում նշվի, որ որևէ ռազմական գործողություն չպետք է նախաձեռնվի մինչև սահմանագծման ավարտը»,-հարցրեց պատգամավորը:

Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ կանոնակարգի հիմնական գործառույթն այն է, որ վեճերը լուծվեն ոչ թե ուժային գործիքակազմով, այլ այն հարթակում, որը կստեղծվի կանոնակարգի հաստատման պարագայում: 

«Իմ կարծիքով՝ այդ դեպքում շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով: Մենք առիթ չենք տվել, որ նման բան տեղի ունենա: Մեր նախորդ հանդիպումները բավարար են գնահատական տալու համար, որ հանձնաժողովների հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ձևաչափն արդյունավետ ու աշխատող է: Եթե կա աշխատող ձևաչափ և այդ ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ: Մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդի»,-շեշտեց փոխվարչապետը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում