Մշակույթ

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

2 րոպեի ընթերցում

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան կժամանի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա իր 80-ամյակին նվիրված մենահամերգով։

Ծրագրում՝ Վալենտին Սիլվեստրով, Ֆրեդերիկ Շոպեն, Հենրի Փըրսել, Ֆրանց Շուբերտ, Միխայիլ Գլինկա, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ։ 

Ալեքսեյ Լյուբիմովն այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից է։  Նա իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ։ Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ցույց են տալիս նրա բազմաթիվ ձայնագրությունները։ Երբ 1980-ականներին քաղաքական սահմանափակումները Ռուսաստանում հանվել են, Ալեքսեյ Լյուբիմովը դարձել է առաջին աստիճանի միջազգային դաշնակահարներից մեկը, որ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է միջազգային դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում