Podcast. Սենսացիոն հաշտություն կարելի է համարել արհեստական բանականության և դասական արվեստի միավորումը. Թամարա Հովհաննիսյան
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծուհի, արվեստաբան ամերիկահայ գործարար Թամարա Հովհաննիսյանը կրկին Հայաստանում է՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ և «Ակաշա» գիտահետազոտական կենտրոնի համատեղ «Կոզերևյան հայելիներ» կոնֆերանսին։ Բանաստեղծուհին իր ընթերցողին ևս ասելիք ունի։ Օրերս լույս կտեսնի նրա «Սիրո պարապուրդ» պոեմների ժողովածուն։
«Արմենպրես» փոսքասթի տաղավարում «Մայրենիի դեսպան» մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ստեղծագործական աշխատանքներից, հայրենիք-սփյուռք կապից, առաջիկա կարևոր նախաձեռնություններից և ծրագրերից։
Մոտ չորս տասնամյակ ապրելով Հյուսիսային Կալիֆորնիայի Քարմել քաղաքում՝ նա աշխատում է իր տնօրինած արվեստի ցուցասրահներում, որտեղ ներկայացվում են ժամանակակից եվրոպական և հայ գեղանկարիչների, արվեստաբանների գործեր։ Դասախոսում է Մոնտերեի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա միշտ հետաքրքիր և կարևոր է համարում գիտական պրոցեսները , և այդ իսկ պատճառով, անձամբ է ներկա գտնվում հայրենիքում ներկայացվող նորարարություններին, որպեսզի հնարավորինս հավաստի ներկայացնի հայ մասնագետների հայտնագործություններն ու ծրագրերը դրսում։
«Այս կոնֆերանսը ինձ հետաքրքրեց իր կարևորությամբ և միստիկ բովանդակությամբ։ Այդ հայելիների օգտագործումը կարող է հրաշագործության պես մի բան լինել հիվանդությունների կանխարգելման , ապագայում բժշկության ոլորտը զարգացնելու գործում։ Ինձ հետաքրքիր է, թե արդեն անցյալում գտնվող և անկարևոր համարվող այս հրաշագործ գյուտը, ինչպես է իր տեղը վերագտնում և ասպարեզ դուրս գալիս՝ փրկելու ճգնաժամային իրավիճակում գտնվող հասարակությունների և անձանց, ովքեր որոնում են առողջ կենցաղավարության և առողջ հոգեվիճակի խնդիրներ։ Ինձ հետաքրքիր է, թե այս տեղեկատվական հարստությունը ինչպես կարող եմ ներկայացնել դրսում։ Այսօր, բարեբախտաբար, տեխնոլոգիայի, նորարարության ոլորներում հսկաներից շատերը մեր երիտասարդ հայրենակիցներն են, որոնք կայացած գործարարներ են և մեր ազգի անունն են փայլեցնում աշխարհում։ Հայ մշակույթն ու գործերը դրսում ներկայացնելիս նպատակս ոչ թե կոմերցիոն է, այլ մեր երկիրը տեսանելի դարձնելը։ Եթե շատ թե քիչ ես ավելի կայուն տեղում եմ, պարտավոր եմ օգնել իմ հայրենակիցներին։ Եվ իմ այցելություններից շատերը հենց այդ նպատակով են։
Ես հավատում եմ ճակատագրին․ այն ստվերի պես մի բան է, բռնում է ձեռքդ և տանում այնտեղ, ուր պիտի լինես։ Այդ ճանապարհին կորուստներ ես ունենում․ սխալվում ես, վայր ես ընկնում, սայթաքում ես, վեր ելնում, սովորում ես քո սխալների վրա։ Վերջում հասկանում ես, որ դու ես կերտում քո կենսագրությունը քո իսկ ձեռքերով։ Եվ այդտեղ շատ մեծ դեր ունի քո ով լինելը․ որտեղից ես, ինչ բարոյական, մասնագիտական, մարդկային արժեքներ ես կրում որպես անհատ։ Իմ արժեքները սկսվել են այս հողից, ես այս հողի դուստրն եմ և կմնամ մինչ վերջ այդպիսին։ Եվ բարեբախտաբար կարող եմ ասել, որ հնարավոր է համեստ հնարավորությունների սահմաններում, բայց մաքուր, բարոյական, մասնագիտական արժանապատիվ դաշտի վրա կայուն լինելիություն ապահովել աշխարհի բոլոր ծայրերում»։
Թամարա Հովհաննիսյանի ստեղծագործություններում կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում կինը։ Նա իր տողերով փորձում է բացահայտել իր մեջ ապրող կնոջը։ Ո՞րն է իդեալական կնոջ, հայ կնոջ տեսակը հարցին, նա պատասխանում է։
«Կինը տիեզերական և մարդկային արժեք է։ Կանացիությունն ազգություն չունի, ունի մարդկային որակ, բարոյական արժեք, ինտելեկտուալ կարողություն։ Կնոջ արժեքները ոչ թե ազգային են այլ անհատական։ Կանացիությունը համույթն է մեղմության, քնքշության, կարեկցանքի։ Սա շատ սիրուն լինելիության ամբողջականություն է, որը կորցնելով, կկորցնես ինքդ քեզ։
Վերջին շրջանում գրեթե չեմ գրում, քանի որ տագնապներ ունեմ։ Սա ցավոտ լռություն է, բացատրելի լռություն։ Բայց սպասում եմ վերապրումի, ինքնամաքրման, վերածննդի և ի վերջո ստեղծագործական զարթոնքի։
Այս շրջանում ժամանակս փորձում եմ ավելի արդյունավետ ծառայեցնել հայրենիք-սփյուռք կապը ջերմացնելու, որպեսզի թերահավատությունը փոխվի, և կրկին սկսենք անվերապահ հավատալ ինքներս մեզ և հայրենիք-սփյուռք միասնական ուժին»։
Անդրադառնալով առաջիկա սպասվող նորություններին և ծրագրերին՝ տիկին Հովհաննիսյանը առանձնացրեց Նյու Յորքում սպասվող կարևոր ցուցադրությունը։
«Ես միշտ փորձում եմ իմ հնարավորությունները ծառայեցնել հայկական մշակույթը ԱՄՆ-ում ներկայացնելու համար։ Հյուսիսային Կալիֆորնիայի Քարմել քաղաքում մենք ունենք ամենամեծ ցուցասրահը, և շուտով պաշտոնապես կբացվի երկրորդ, ավելի մեծ ցուցասրահը Նյու Յորքում՝ Պարկ Ավենյուի վրա, որը կդառնա երիտասարդ սերնդի տեխնոլոգիական արվեստի և դասական արվեստի համատեղ շքեղ և անսահման հնարավորությունների մի հարթակ։ Այս նախագիծը իր տեսակի մեջ եզակի է, և ես մենակ չեմ․ իմ կողքին են կինոաշխարհի մեծ անուններ, արվեստագետներ, Ռոկֆելլերների ընտանիքից մասնակիցներ։ Սա պիտի լինի վիրտուալ և դասական արվեստի միավորման հարթակ , որտեղ երկու կարծեցյալ ախոյանները՝ հինը և նորը, պիտի հաջողությամբ ներկայանան առանց կոնֆլիկտների և բախումների։ Եվ այստեղ շատ կարևոր դեր ունի արհեստական բանականությունը, որն այսօր թելադրող է նաև մշակույթի մեջ։ Այն երբեմն խուճապի է մատնում դասական արվեստի ներկայացուցիչներին, որոնք վախեր ունեն առանց պատկերացնելու, որ այդ ամենի վերևում մարդկային միտքն է և մարդկային երևակայությունը։ Սրանք խնդիրներ են, որոնք տագնապներից բացի, տալիս են նաև էն վեր հառնումը՝ ներքին արժեքների վերագիտակցման, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ պետք է ունենա, իմանալով, որ ինքն է որ ստեղծում է արհեստական բանականություն, ինքն է, որ ղեկավարում է այդ բանականությունը և ինքն է, որի թույլտվությամբ արհեստական բանականությունը ներխուժում է արվեստ և մարդկային կյանք։ Ես բարեբախտ եմ այնքանով որ ականատեսն եմ այս կարելի է ասել հրաշագործության»։
Տաթև Զաքարյան
Զրույց ամբողջությամբ լսեք Podcast-ում։