Խիճ և ավազ արդյունահանող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը վերականգնվել է պետբյուջե
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խճի և ավազի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:
Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխող խեղաթյուրված տվյալներ:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՍՊ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 157 միլիոն 904 հազար 403 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 159 մլն 246 հազար 151 ՀՀ դրամի չափով գումար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: