Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. Ճարպակալումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Ճարպակալումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ավելորդ քաշի խնդիրն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի, այն անգամ համարվում է էպիդեմիա: Այսօր ամբողջ աշխարհում մոտ 2 միլիարդ մարդ ունի ավել քաշ: Մասնագետները շեշտում են՝ ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման,  ինչպիսիք են, օրինակ, շաքարախտը, լեղաքարային հիվանդությունը, աթերոսկլերոզը, հիպերտոնիան, սրտամկանի ինֆարկտը և այլն: 

Ճարպակալման պատճառների, հետևանքների և կանխարգելման դեմ ուղղված քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում  զրուցել ենք էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանի հետ: 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում այսօր ճարպակալման խնդիրը ևս մեծ տարածում ունի: Պատկերն առավել տխուր է երեխաներ և դեռահասների շրջանում, կարելի է ասել ամեն 6-րդ երեխան ունի քաշի խնդիր:

«Ամբողջ աշխարհում արդեն հայտնի փաստ է, որ ավելորդ քաշը 80 տոկոս դեպքերում նպաստում է երկրորդ տեսակի (ոչ ինսուլինակախյալ) շաքարային դիաբետի առաջացմանն ու զարգացմանը: Եվ, իհարկե, եթե մարդն ունենում է ավել քաշ, այն  ավելի է արագացնում տարբեր օրգանների ախտահարումը: Ճարպակալումը կարող է հանգեցնել նաև սիրտ-անոթային խնդիրների: Այսօր ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է և մեծ տարածում ունի ճարպակալման հետևանքով լյարդի վնասումը»,-նշեց մասնագետը:

Ըստ Համբարձումյանի՝ 90 տոկոս դեպքերում ճարպակալման պատճառն այն է, երբ օրգանիզմը ստանում է շատ ավելին, քան ծախսում է: 

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ սնունդ հայթայթելու և ուտելու համար պետք չէ շատ ջանք թափել, այսինքն՝ այսօր ամեն ինչ շատ է և հասանելի, որը մեզանից  չի պահանջում  ո՛չ ֆիզիկական աշխատանք, ո՛չ մտավոր լարվածություն,  ո՛չ էլ անգամ երկար ճանապարհ անցնել: Կարելի է ասել, որ այսօր այնքան շատ է ուտելիքը, որ մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք ամբողջ օրը ինչ-որ բան ուտում: Այսինքն՝ մենք ուտում ենք շատ և ստանում ենք ավելի շատ էներգիա, քան ծախսում ենք օրվա ընթացքում, դրա համար էլ ունենում ենք ավել քաշ»,- ընդգծեց էնդոկրինոլոգը:

Իսկ ճարպակալումից խուսափելու համար մասնագետը ծնողներին խորհուրդ տվեց հետևել և վաղ տարիքից երեխաների մոտ ձևավորել առողջ սնվելու սովորություն: 

«Բայց պետք է նշեմ՝ այդ սովորությունը ձևավորելը մենք նախ պետք է սկսենք մեզանից․ չի կարելի երեխային մի բան արգելել, բայց դա տանը մշտապես ունենալ և օգտագործել: Պետք է այդ կուլտուրան ծնողները սկսեն նախ իրենք իրենցից: Չպետք է երեխային գրագետ, բալանսավորված սնունդ տանք, բայց ինքներս  ուտենք այն, ինչ ուզում ենք: Օրինակ, ինչու մենք մշտապես տանը ունենք քաղցր գազավորված ըմպելիքները, բայց երեխային ասում ենք, որ դա իրեն չի կարելի: Ընտանիքում ճիշտ և գրագետ սննդային սովորություններ ձևավորելով՝  մենք կարող ենք փոխել նաև երեխայի սովորությունները»,-ասաց էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանը:

Մասնագետը նշեց՝ ճարպակալման բացասական հետևանքներին, կանխարգելմանն ուղղված քայլերին ծանոթանալու և առողջ սննդակարգ ձևավորելու մեթոդները հասարակությանն ավելի հասանելի դարձնելու համար նոյեմբերի  9-ին Հայաստանում կանցկացվի «Առողջ սննդակարգ, Առողջ ընտանիք» ֆորումը, քանի որ, ըստ մասնագետի, այսօր շատ կարևոր է, որ հենց ոլորտի լավագույն մասնագետների կողմից խոսվի բալանսավորված և առողջ սնվելու կարևորության մասին:

Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Կոնգրես հյուրանոցում։ Մուտքը ազատ է:

Ճարպակալման վերաբերյալ մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում