Քաղաքականություն

Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն

2 րոպեի ընթերցում

Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հռչակագիր կընդունեն

ԵՐԵՎԱՆ․ 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում անցկացվելիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը մասնակից կողմերը՝ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր ընդունել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդունվելիք փաստաթղթում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու կարևորությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելքը և մարդու իրավունքների հարգումը։  

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կխոսեն նաև տնտեսական համագործակցության ընդլայնման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում։ 

Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցներին կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» հարթակի հանդիպմանը։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացրել էր, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաև հավելել էր, որ ծրագրված են երկկողմ հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում