Հայաստան

Ռազմարդյունաբերությունն առաջիկա տարիներին պետք է լինի Հայաստանի տնտեսության, գիտության, անվտանգության առանցքային հիմքերից մեկը․ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Ռազմարդյունաբերությունն առաջիկա տարիներին պետք է լինի Հայաստանի տնտեսության, գիտության, անվտանգության առանցքային հիմքերից մեկը․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ 

«Առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել ռազմական կարիքների համար փորձանմուշների, դրա մասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման, ռազմական ապրանքների և մասերի ձեռքբերման և պահեստավորման,  ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը հաստատելու մասին դրույթ։ Նախագծով առաջարկվում է ամրագրել ԳՀՓԿԱ արդյունքների հանձնումն ու ընդունումը պետական լիազոր մարմնի համատեղ հրամանի հիման վրա։ Ներկայում գործընթացն իրականացվում է կառավարության որոշման հիման վրա, և աշխատանքները երբեմն նաև ժամանակատար են լինում։ 

Նախագծով սահմանվում է պետական միջգերատեսչական փորձարկումների անցկացման համար հանձնաժողով ձևավորելու մասին դրույթ»,- ասաց Մանթաշյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին կնշանակվի ռազմարդյունաբերության համալիրի նոր ղեկավար։ «Ամենայն հավանականությամբ, վաղը հանդիպելու հնարավորություն կունենանք»,- ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ նախագծի վերաբերյալ բավականին բովանդակալից քննարկումներ են ունեցել։ 

«Քննարկման շրջանակում անդրադարձել ենք ընդհանրապես ռազմարդյունաբերության ոլորտին։ Մեր խորին համոզմամբ՝ առաջիկա տարիներին ռազմարդյունաբերական ոլորտը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության անվտանգության, գիտության և տնտեսության առանցքային հիմքերից մեկը։ Անհրաժեշտության դեպքում նաև ռազմավարություն կմշակվի ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հեռանկարների մասին»,-ասաց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում