ԱՍՏԱՆԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աստանայում տեղի ունեցավ Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումների մեկնարկն ազդարարող բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում անցկացվող հանդիսավոր համերգին ներկա էին նաև պաշտոնական այցով Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն, ինչպես նաև ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Աստանա ժամանած՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնյաներ:
Հանդիսավոր միջոցառման մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանն, ով, ողջունելով ներկաներին, ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությանը Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար:
«Մեզ համար մեծ պատիվ է ՀՀ նախագահ պարոն Խաչատուրյանի՝ Ղազախստան այցի շրջանակներում Ղազախստանի մշակութասեր հասարակությանը ներկայացնել հայկական մշակույթը և կրկնակի պատվաբեր է ու պատասխանատու, քանի որ այսօրվա մեր հանդիսավոր բացման համերգին ներկա են երկու երկրների նախագահները», - ասաց Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ մշակույթի օրերի ծրագրի առանցքը կարևոր երկու մեծանուն հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, և դա պատահական չէ, քանի որ այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց հոբելյանները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պատահական չէ նաև ընտրված թատերախումբը, որը կրում է Սոս Սարգսյանի անունը. դերասան, որին վստահաբար ճանաչում և հիշում է նաև Ղազախստանի հանրությունը:
«Նրանք բոլորն ամեն մեկն իր ինքնատիպ ոճով խոսել են մշակութային երկխոսության, մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության և մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժի անհաղթահարելիության մասին», - նշեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ինքը ևս ցանկանում է խոսել հայ և ղազախ ժողովուրդների մշակութային երկխոսության մասին, որոնց վառ արտահայտությունն են ղփչաղական ձեռագրերը և որոնք մեծ հոգածությամբ և խնամքով պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանում, որտեղ 2024 թվականի գարնանը հյուրընկալվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Նախարարի դիտարկմամբ՝ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները:
«2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է ԱՊՀ տարածաշրջանում առաջինը բացված ղազախական լեզվի, պատմության և մշակույթի պատմության կենտրոնը, որը կրում է ղազախ հանրահայտ մտավորական Աբայ Կունանբաևի անունը, իսկ 2016 թվականից Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ղազախական գրականության կենտրոնը», - ասաց Անդրեասյանը՝ շեշտելով, որ երկու երկրների մշակութային գործիչները հաջողությամբ համագործակցում և հանդիպում են երկու պետություններում անցկացվող փառատոնային և մրցութային հարթակներում:
Նրա խոսքով՝ 2018 թվականին Երևանի մետրոպոլիտենի 3 կայարաններում ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նախաձեռնությամբ՝ բացվել է «Աշխարհի մայրաքաղաքները՝ Աստանայից Երևան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը նվիրված է եղել Աստանայի հիմնադրման 20 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին: Բացի այդ, կայացել է «Աբաևյան ընթերցումներ» գրական-երաժշտական երեկոն՝ Հայաստանի և Ղազախստանի գրական մտավորականության մասնակցությամբ:
«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի նոր ձևաչափերով՝ նպաստելով մեր երկու ժողովուրդների միջև մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու երկու պետությունների` Հայաստանի ու Ղազախստանի բարգավաճմանն ու բարօրությանը», - եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերն անցկացնելու համար:
Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան, ողջունելով հյուրերին և ներկաներին, իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանի մշակույթի օրերը վերջապես հասել են Ղազախստան:
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եղբայրական ժողովրդին հյուրընկալ ղազախական հողում», - նշեց Բալաևան՝ հավելելով, որ ղազախ ժողովրդին հոգեհարազատ է հայ ժողովրդի մեծ մշակույթը, քանի որ երկու ժողովուրդներն էլ մեկ միասնություն են կազմում:
Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարը նաև նշեց, որ բարեկամ երկրների մշակույթի օրերը ղազախ ժողովրդի համար կարևորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում ու երկրների և ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների գրավական են:
«Համոզված եմ, որ Հայաստանի մշակույթի օրերը կանցնեն հետաքրքիր ու հագեցած և էլ ավելի կմտերմացնեն մեր ժողովուրդներին: Այդ օրերի շրջանակներում ղազախստանցի հանդիսատեսը առաջին անգամ կծանոթանա Հայաստանի արվեստին ու ավանդույթներին և ես նաև համոզված եմ՝ հետագայում սա կդառնա բարի ավանդույթ», - նշեց ղազախ նախարարը:
Վերջինիս խոսքով՝ միջոցառման իրականացումն, անկասկած, հնարավոր է դարձել Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների բարեկամական հարաբերությունների շնորհիվ:
«Համոզված եմ, որ Հայաստանի մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հետագա զարգացման համար», - եզրափակեց Աիդա Բալաևան՝ մասնակիցներին մաղթելով ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:
Քալիբեկ Կուանիշբաևի անվան թատրոնի ճեմասրահում բացված էր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը՝ պատրաստված Փարաջանովի թանգարանի կողմից։
Համերգի ընթացքում հիմնականում ներկայացված էին շանսոնյեի երգերը, բայց հնչեցին նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
ՀՀ ԿԳՄՍՆ հաղորդմամբ՝ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան) հյուրախաղը։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝ «Լյու Բյոֆ» ներկայացմամբ։
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում 7 IMAX KERUEN կինոթատրոնում կցուցադրվեն հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Հեղինակ՝ Դավիթ Մամյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի