Քննարկվել են սպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական պալատի ժամանակավոր տնօրեն Դինա Խվանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության` մարզական ենթակառուցվածքների հզորացման քաղաքականությունը և այդ նպատակով իրականացվող ծավալուն աշխատանքները, մասնավորապես՝ նոր մարզադպրոցների կառուցումը, տարբեր մարզերում սպորտային համալիրների հիմնումը:

«Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ  ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում պետությունը կարևորում է նաև միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունը՝ մրցութային ընթացակարգով և օրենսդրական պահանջներին համապատասխան:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կառուցել արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճներ: Դրանք կունենան բասկետբոլային պրոֆեսիոնալ բազմաշերտ մանրահատակ, որի վրա հնարավոր կլինի նաև ֆուտզալ, վոլեյբոլ ու հանդբոլ խաղալ: Նախատեսվում են նաև ունենալ փոքր տրիբունա՝ 300 հանդիսականի համար, էլեկտրոնային ցուցատախտակ, լուսավորության համակարգ և անհրաժեշտ այլ ատրիբուտներ:

Ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ-ում վերջին տարիներին կազմակերպվել են միջազգային խոշոր մրցաշարեր,  որոնցից հերթականը՝ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, կանցկացվի  2027 թվականին: Այս իրադարձությանն ընդառաջ այժմ կառուցվում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անունը կրող սպորտային մարմնամարզության մարզահամալիրը, որը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և այլ միջոցներ: 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը:

AVK GmbH ընկերության մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ կառավարության ջանքերը սպորտի զարգացման ուղղությամբ՝ հաստատելով համագործակցությամբ հետաքրքրվածությունը:

Այս համատեքստում նա ներկայացրել է AVK GmbH ընկերության գործունեությունը և  սպորտի ոլորտում գործընկերային համագործակցության շրջանակը՝ նշելով, որ ընկերությունը վերազինում է սպորտային օբյեկտներ բոլոր մակարդակներում՝ մարզադպրոցներից մինչև օլիմպիական մարզադաշտեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս