Փոդքասթ

Podcast-Գիտության շաբաթ. Գիտության տոնը հաջողվել է. Առաջին «Գիտության շաբաթվա» կազմակերպիչները պատրաստվում են երկրորդին

2 րոպեի ընթերցում

Podcast-Գիտության շաբաթ. Գիտության տոնը հաջողվել է. Առաջին «Գիտության շաբաթվա» կազմակերպիչները պատրաստվում են երկրորդին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 1-ից 6-ը անցկացվեց համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը: Գիտության հանրահռչակման խոշորագույն այս տոնը բաժանված էր երկու մասի՝ Ազատության հրապարակում վեց օր շարունակ անցկացված Գիտության փառատոնն ու մարզերի մանկապարտեզներում և դպրոցներում կազմակերպված ապակենտրոնացված միջոցառումները: Ըստ կազմակերպիչների, առաջին փորձը հաջողված էր. դատելով թե այցելուների քանակից, թե նրանց ոգևորությունից, կարելի է հստակ եզրակացնել, որ Հայաստանի հասարակությունը սիրեց այս միջոցառումը: «Գիտության շաբաթը» նպատակ ունի վերածվելու գիտության հանրահռչակման ազգային հարթակի՝ դառնալով շարունակական ու ամենամյա: Կազմակերպիչներն արդեն իսկ պատրաստվում են երկրորդին՝ խոստանալով, որ այն կլինի ավելի մասշտաբային ու ընդգրկուն: 

Առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումն անցկացվել է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել էին փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում էին գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

«Գիտության շաբաթ» փոդքաստի այս տարվա եզրափակիչ թողարկման հյուրերն են «Գիտուժի» աշխատանքները համակարգող Լիլիթ Մարգարյանը և PMI Science-ի արտաքին նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը: Նրանք ամփոփել են միջոցառումն ու անդրադարձել հեռանկարներին: 

«Գիտության շաբաթ» փոդքաստը կվերադառնա հաջորդ տարի՝ երկրորդ «Գիտության շաբաթվան» ընդառաջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում