Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները. ՀՀ նախագահ Խաչատուրյանի ուղերձն Էրեբունի-Երևանի 2806-ամյակի առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Էրեբունի-Երևանի 2806-ամյակի առթիվ՝ նշելով, որ Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող քաղաքը նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահի ուղերձում նշված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:
Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետություններն ու նրանց մայրաքաղաքները նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում:
Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները:
Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից, և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք, պետք է մեկնարկի հենց այդտեղից:
Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները բավարար չեն քաղաք կոչվելու համար: Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժամանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:
Շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք»: