Մշակույթ

ՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին

10 րոպեի ընթերցում

ԱՇԽԱԲԱԴ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում մասնակցեց թուրքմեն բանաստեղծ, մտածող և թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին:  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Աշխաբադում անցկացված համաժողովը, որը կրում է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագիրը, մասնակցեցին նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Մոնղոլիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից: 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ մեծագույն պատիվ է մասնակցել բարձր մակարդակի միջազգային համաժողովի, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության՝ վաստակաշատ բանաստեղծ ու մտածող, թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին: 

«Նրա անզուգական ներդրումն անջնջելի հետք է թողել տարածաշրջանի մշակութային և մտավոր ժառանգության մեջ, մասնավորապես Թուրքմենստանի գրական և ազգային ինքնության վրա, և այն շարունակում է ոգեշնչել սերունդներին աշխարհի տարբեր անկյուններում: 

Հիրավի, կան այնպիսի անհատներ, ովքեր իրենց խորը էությամբ և նվիրումով այնքան են միաձուլվում իրենց ժողովրդի մշակութային ԴՆԹ-ի հետ, որ իրենք էլ դառնում են երկրի քաղաքակրթական կոդի անբաժանելի մասնիկը: Իսկ Մահթումկուլի Ֆրագին, իհարկե, այն մշակութային հարստացնողներից է, ովքեր ծնվում են դարաշրջանը մեկ անգամ», - իր ելույթում նշեց Վահագն Խաչատուրյանը՝ կարծիք հայտնելով, որ Մահթումկուլիի պոեզիան հանդիսանում է մարտահրավերների, համարձակ հավակնությունների և հարատև հաղթանակների բացահայտ վկայություն, որոնք սահմանում են թուրքմեն ժողովրդի պատմական և մշակութային պատմությունը: 

ՀՀ նախագահի խոսքով՝ համամարդկային արժեքների ջատագով և մարդասեր Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս։ 

«Հայերը քաջածանոթ են նրա ստեղծագործություններին, ինչը մեզ հնարավորություն է տալիս նկատել բազմաթիվ նրբերանգային զուգահեռներ նրա գրական ավանդների և հայ գրականության պատմության հարուստ գոբելենի միջև։ Տեղին է հիշատակել Սայաթ-Նովայի հարուստ և նրբագեղ գրական ժառանգությունը, որի երաժշտա-բանաստեղծական ժառանգությունը ծառայում է որպես մշակութային փարոս հայախոս աշխարհի համար, ճիշտ այնպես, ինչպես Մահթումկուլիի ստեղծագործությունները՝ թուրքմեն ժողովրդի համար», - ասաց Խաչատուրյանը՝ նկատելով, որ թեև երկու բանաստեղծներն էլ խորանում են համընդհանուր թեմաների մեջ, ինչպիսիք են սերն ու կորուստը, նվիրումն ու ինքնությունը, նրանք խորապես լուսավորում են մարդկային փորձառության հարստությունն ու բազմազանությունը:

Թուրքմեն բանաստեղծին նվիրված համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ նախագահը նաև նշեց, որ Մահթումկուլին ընդլայնել է ազգային գրականության հայեցակարգը՝ ընդգծելով մարդասիրությունը, որը կապում է մեզ բոլորիս: 

Նախագահի խոսքով՝ Մահթումկուլին անդրադարձել է մարդկային փորձառության տարբեր ասպեկտներին՝ միաժամանակ ընդգծելով մեզ միավորող ընդհանրությունները:

«Այս իմաստով, այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես դասական գրականության վերագնահատման առանցքային ջանք՝ ազգերի միջև բովանդակալից կապեր հաստատելու, փոխադարձ հարգանք զարգացնելու, ազգային գրականությունը համաշխարհային ժառանգության ավելի լայն շրջանակում ինտեգրելու հրամայականի խորը ըմբռնումը խթանելու», - ընդգծեց ՀՀ նախագահը:

Նա նաև հավելեց, որ Մահթումկուլի Ֆրագին կարողացել է ներկայացնել իր խորը փիլիսոփայական մտքերի շնորհները՝ մատուցելով դրանք յուրովի։ 

«Մահթումկուլիի բանաստեղծությունները կարդալիս՝ կարելի է զգալ «թուրքմենական այգիների ստվերն ու զովությունը»: Մահթումկուլի Ֆրագիի պոեզիան իր բնույթով խաղաղասիրական է, և իր ստեղծագործություններում խաղաղության ուղերձ է հղում աշխարհի բոլոր ժողովուրդներին: Մահթումկուլիի պոեզիան լավագույնս կարելի է նկարագրել իր իսկ խոսքերով՝ «Արևից ավելի պայծառ և լուսնից ավելի մաքուր»: Հատկապես հետաքրքիր է, որ Մահթումկուլին հիշեցնում է իր ընթերցողներին՝ «Օրհնված է բարերարը, որովհետև բարի գործերը տարածվում են աշխարհով»: Այստեղ կարող ենք տեսնել, որ հեղինակը հասարակության բարօրությունը կապում է յուրաքանչյուր անհատի հոգու բարօրության հետ», - իր ելույթում ասաց նախագահը՝ միաժամանակ շեշտելով, որ մարդկությունը պետք է լսի և ուշիմ լինի այս ուղերձին, որն արձագանքում է դարերի խորքից ավելի քան երբևէ, երբ մարդկությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների, նոր սպառնալիքների և համաշխարհային մասշտաբի մարտահրավերների: 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին հայտնեց, որ իր համար առանձնահատուկ ուրախություն է, որ հոկտեմբերի 12-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում կներկայացվի Մահթումկուլի Ֆրագիի ընտրյալ ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը։

«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանի հարգարժան նախագահին՝ այս կարևոր համաժողովին իր սիրալիր հրավերի, կառուցողական երկխոսության և ապագա համագործակցության նոր վայր ստեղծելու համար», - եզրափակեց ՀՀ նախագահը:

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործական գործունեության մասսայականացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին պարգևատրեց թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված հուշամեդալով:  

Թուրքմեն բանաստեղծ, փիլիսոփա, թուրքմենական դասական գրականության հիմնադիր։ Նրա ստեղծագործական ժառանգությունը թուրքմեն ժողովրդի ազգային հարստությունն է։

2024թ. լրանում է Մահթումկուլիի ծննդյան 300-ամյակը: Ներկայում Թուրքմենստանում արդեն ընթանում են նրա տարեդարձի նախապատրաստական ​​աշխատանքներն, ինչը պայմանավորված է թուրքմենների հոգևոր կյանքում նրա ունեցած դերով: Թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածողի ծննդյան 300-ամյակի տոնակատարությունն ընդգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025թթ.նշանակալի ամսաթվերի ցանկում: Ըստ թուրքմենական աղբյուրների՝ բանաստեղծի տարեդարձին նախատեսվող միջոցառումները կնպաստեն նրա գրական հարուստ ժառանգության ավելի խոր ուսումնասիրությանն ու լայն տարածմանը։ Նախատեսվում է նաև «Մահթումկուլի Ֆրագիի հանրագիտարանի» ստեղծումը, որը ներառում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով պոեզիայի հետ կապված բոլոր տեղեկություններն, ինչպես նաև «Մահթումկուլի Ֆրագիի դիվանի» պատրաստումը թվային և տպագիր եղանակով:

Վերջին տարիներին մեծ հումանիստ բանաստեղծ Մահթումկուլիի ժողովածուները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ղազախերեն, բելառուսերեն, թուրքերեն, ադրբեջաներեն,  ուզբեկերեն, տաջիկերեն, վրացերեն, ուկրաիներեն, չինարեն, ճապոներեն, ռումիներեն և այլն: Մահթումկուլիի հուշարձաններ են կանգնեցվել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ամենաշատ քանդակները գտնվում են Թուրքմենստանի քաղաքներում, ինչպես նաև Կիևում, Աստրախանում, Խիվայում, Իրանում և Թուրքիայում։ 

Երևանի պետական համալսարանի համագործակցությունը Թուրքմենստանի գիտակրթական և մշակութային կենտրոնների, հատկապես՝ Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի հետ ունի տասնյակ տարիների պատմություն: Հայաստանի գիտական շրջանակները հաջողությամբ համագործակցում են իրենց թուրքմեն գործընկերների հետ գիտության, կրթության, մշակույթի ամենատարբեր ոլորտներում:

Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, հայ և թուրքմեն մշակույթի գործիչներն ավանդաբար կազմակերպում են ամենամյա համատեղ միջազգային գիտաժողովներ և գրական ընթերցումներ:

Մահթումկուլիի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ Երևանի պետական ​​համալսարանն առաջարկել է Արևելագիտության ֆակուլտետում ստեղծել թուրքմենական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոն։ 2024թ. Հայաստանում կհրատարակվեն նաև Մահթումկուլի Ֆրագիին նվիրված նոր գիտական ​​աշխատություններ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Աշխաբադ է ժամանել հոկտեմբերի 10-ին։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 11-ին նաև հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Դավիթ Մամյան

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Մենք կոռուպցիան համարում ենք սպառնալիք մեր ազգային անվտանգությանը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

ԿԳՄՍ փոխնախարարն ավարտական վկայականներ է հանձնել «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

Տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակին

Բելառուսը չի պատրաստվում մտնել այլ պետությունների կազմ. Լուկաշենկո

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ

Նոր Նորքի թաղապետը չպետք է շարունակի պաշտոնավարումը․ ԱԺ նախագահ

Տրանսպորտային միջոցի առուվաճառքի գործընթացը կթվայնացվի

Դատական համակարգը Եվրոպայում լի է մարտահրավերներով․ Դատավորների եվրոպական միության նախագահ