ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 8-10-ը Պորտու քաղաքում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Գիլոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտի կողմնակից լինելը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթան: Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է սպորտի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, Հայաստանի սպորտային պետական քաղաքականության հիմնական գերակայությունները, ինչպես նաև խոշոր մարզական միջոցառումների անցկացման դրական փորձը:
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել Եվրոպայում սպորտի առջև ծառացած առկա մարտահրավերները, որպեսզի սպորտը դառնա ավելի առողջ, արդար, լավ կառավարելի և բարձր էթիկական չափանիշներին համապատասխան:
Միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների՝ սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, միջազգային մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Պորտուգալիայի սպորտի համար պատասխանատու խորհրդարանական հարցերի նախարար Պեդրո Դուարտեն և EPAS կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Հասթինգը: