Պետք է խնդիրների շուրջ հանդես գալ դիրքորոշումներով և հասկանալ, թե աշխարհն ինչպես է ընկալում Հայաստանը. ԵՊՀ-ում մեկնարկեց միջազգային գիտաժողով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին» միջազգային ամենամյա գիտաժողովը, որն այս տարի կրում է «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» խորագիրը։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի, Էստոնիայի, Սլովակիայի, Ղազախստանի և Վրաստանի գիտահետազոտական կառույցների ու առաջատար համալսարանների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բացման ելույթում նշեց, որ նման գիտաժողովների կազմակերպումը համալսարանի գործունեության գերակայություններից է, քանի որ մայր բուհը ցանկանում է լինել ավելի ու ավելի ակտիվ։ 

«Գիտաժողովը կարևոր է այն առումով, որ ընթացքում քննարկման առարկա են դառնալու աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեր օրերում։ Ամեն օր մենք տեսնում ենք պատերազմներ, հակամարտություններ, տարատեսակ խնդիրներ ու մարտահրավերներ։ Երբեմն մտածում ենք, որ դրանք մեզ հետ անմիջական կապ չունեն, սակայն 2020 թվականին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո համոզվեցինք, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ անմիջականորեն կապ ունի ամբողջ մոլորակի հետ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրը դրա վառ ապացույցն է։ Ակադեմիական հանրությունը պետք է քննարկի, քննադատի, հանդես գա հոդվածներով, սահմանի ուղենիշներ քաղաքականության մեջ որոշումներ կայացնողների համար։ Անհրաժեշտ է գիտական շրջանակների ուղերձը հղել բոլորին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը վերջին շրջանում բավականին ակտիվացել է՝ ավելացնելով իր հրապարակումների քանակը միջազգային գիտական պարբերականներում և հանդեսներում։ Նրա պնդմամբ՝ պետք է ավելի շատ հոդվածներ հրապարակել տարբեր հիմնախնդիրների շուրջ մեր դիրքորոշումների մասին և հասկանալ, թե աշխարհն ինչպես է ընկալում Հայաստանը։ Այս և կարևոր այլ հարցեր երկու օրերի ընթացքում հանգամանորեն կքննարկվեն գիտաժողովի ընթացքում։ Թեմաներն ինքնին հետաքրքիր են, ուստի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ աշխարհի տարբեր կողմերից Երևանում հավաքված պատվիրակները կանցկացնեն արդյունավետ քննարկումներ՝ ստեղծելով նախադրյալներ հետագա համագործակցության համար։  

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մասնակիցների լայն աշխարհագրությունը հնարավորություն է ընձեռում լսել տարբեր տեսակետներ եվրասիական ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ և հասկանալ հիմնական միտումները։   

«Այդ գործընթացները ժամանակի ընթացքում միշտ արտահայտվել են պատերազմներով, ուժային կենտրոնների հավասարակշռությամբ և դիվանագիտությամբ։ Չափազանց կարևոր է հասկանալ գլոբալ պրոցեսները, քանի որ Եվրասիան, ունենալով երկրագնդի բնակչության երկու երրորդը, հանդիսանում է աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետը։ Մայրցամաքները լոկ սոցիալական կոնստրուկտներ են և պատմական ժամանակի ընթացքում փոփոխվել են։ Հատկապես կարևոր է հասկանալ, թե մեր օրերում տեղի ունեցող գործընթացների արդյունքում ինչպիսի փոփոխություններ կկրեն քաղաքակրթական սահմանները և ինչ ազդեցություն կունենան աշխարհագրական սահմանների վրա»,- ասաց Եփրեմյանը։

Նրա դիտարկմամբ՝ աշխարհը չափազանց բարդ է և գործում է որոշակի խաղի կանոններով, բայց առանց վերահսկողության, հետևաբար գործընթացները կարող են գնալ իրենց հունով, և ցանկացած հասարակական գործընթաց, այնպես էլ միջազգային գործընթացներն անկանխատեսելի են։ Ըստ Եփրեմյանի՝ կարելի է նախանշել այլընտրանքներ, այլ տարբերակներ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա այն միջազգային համակարգի մաս է, ենթարկվում է ընդհանուր խաղի կանոններին, որոնք ֆորմալ միջազգային գործընթացների համապատկերում երբեմն ունենում են ավելի կարևոր նշանակություն, քան միջազգային իրավունքը և միջազգային կազմակերպությունները։    

Եփրեմյանը հավելեց, որ գիտաժողովի ընթացքում հատուկ քննարկման առարկա կդառնան միջազգային ինտեգրացիոն գործընթացները, պատերազմները, ապամիասնացման և հակառակ պրոցեսները, ինչպես նաև տնտեսական փոփոխություններն ու աշխարհաքաղաքականությանը հարակից այլ ուղղությունները։ Գիտաժողովի ավարտից հետո կհրապարակվի ժողովածու, որում կներկայացվեն մասնակիցների հոդվածները։ 

Մանվել Մարգարյան 

Հայերեն