Բացահայտիր Հայաստանը երկնքից․ հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի օդագնացության միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հոկտեմբերի 12-16-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։  Այն արդեն 6-րդ անգամն է անցկացվում։ Այս տարի այն ներկայանում է ավելի ընդգրկուն ծրագրով ու մասնակիցների մեծ թվով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը նշեց, որ այս տարի մասնակցելու է 10 երկրից 21 օդաչու՝ իր անձնակազմով։ Ընդհանուր առմամբ լինելու է 120 մասնակից։  

«Այս տարի մասնակիցների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է։ Հայաստանից բացի, մեր փառատոնին գալիս են մասնակցելու Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնակոյից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Գերմանիայից։ Փառատոնի օրերին իրականացնելու ենք 9 թռիչք։ Մեկնարկային թռիչքները լինելու են Գառնիից, այնուհետև շարունակվելու են Հանրապետության հրապարակում, վերջում թռիչքներ կլինեն Ապարանի ջրամբարի մոտից»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։  

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը վերջին տարիներին շեշտադրում է փառատոնային, արկածային տուրիզմի զարգացումը։  ՀՀ Էն զբոսաշրջության մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի անցկացումը շատ կարևորվում է Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորություններն ընդլայնելու համատեքստում։ 

«Այն շատերի համար արդեն բավականին սպասված փառատոն է, միավորում է թե՛ տեղացիներին, թե՛ Հայաստան եկած զբոսաշրջիկներին։ Այն լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորությունները։ Ասեմ, որ Զբոսաշրջության կոմիտեն մարքեթինգային արշավ է իրականացնում միջազգային շուկայում Հայաստանը կայուն, անվտանգ՝ արկածային տուրիզմի հնարավորություններով երկիր։ Ամեն տարի հենց փառատոնի օրերին դրսից հրավիրում ենք մեդիա խմբերի։ Նախորդ տարի այցելություն եղավ Էմիրություններից, այս տարի սպասվում է Իտալիայից»,-ասաց Դիանա Կարապետյանը։  

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում օդաչուների մասնակցությամբ անցկացվելու է մրցույթ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Անցկացվելու է Հայաստանի բաց գավաթ` համագործակցելով Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) հետ։  Նաիրի Բարսեղյանը նշեց, որ սա առաջին փորձն է մրցութային ամբողջ ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, հաջորդ քայլը լինելու է հայտ ներկայացնելը օդագնացության մեծ մասշտաբի մրցույթ ապահովելու համար։ Օդաչուները, օդապարիկներով թռչելիս, կատարելու են կոնկրետ հանձնարարություններ։ 

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին