Բացահայտիր Հայաստանը երկնքից․ հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի օդագնացության միջազգային փառատոնը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հոկտեմբերի 12-16-ն անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Այն արդեն 6-րդ անգամն է անցկացվում։ Այս տարի այն ներկայանում է ավելի ընդգրկուն ծրագրով ու մասնակիցների մեծ թվով։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի կազմակերպիչ, «Սքայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը նշեց, որ այս տարի մասնակցելու է 10 երկրից 21 օդաչու՝ իր անձնակազմով։ Ընդհանուր առմամբ լինելու է 120 մասնակից։
«Այս տարի մասնակիցների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է։ Հայաստանից բացի, մեր փառատոնին գալիս են մասնակցելու Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնակոյից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Գերմանիայից։ Փառատոնի օրերին իրականացնելու ենք 9 թռիչք։ Մեկնարկային թռիչքները լինելու են Գառնիից, այնուհետև շարունակվելու են Հանրապետության հրապարակում, վերջում թռիչքներ կլինեն Ապարանի ջրամբարի մոտից»,-ասաց Նաիրի Բարսեղյանը։
Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, որը վերջին տարիներին շեշտադրում է փառատոնային, արկածային տուրիզմի զարգացումը։ ՀՀ Էն զբոսաշրջության մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը նշեց, որ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի անցկացումը շատ կարևորվում է Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորություններն ընդլայնելու համատեքստում։
«Այն շատերի համար արդեն բավականին սպասված փառատոն է, միավորում է թե՛ տեղացիներին, թե՛ Հայաստան եկած զբոսաշրջիկներին։ Այն լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորությունները։ Ասեմ, որ Զբոսաշրջության կոմիտեն մարքեթինգային արշավ է իրականացնում միջազգային շուկայում Հայաստանը կայուն, անվտանգ՝ արկածային տուրիզմի հնարավորություններով երկիր։ Ամեն տարի հենց փառատոնի օրերին դրսից հրավիրում ենք մեդիա խմբերի։ Նախորդ տարի այցելություն եղավ Էմիրություններից, այս տարի սպասվում է Իտալիայից»,-ասաց Դիանա Կարապետյանը։
Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում օդաչուների մասնակցությամբ անցկացվելու է մրցույթ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Անցկացվելու է Հայաստանի բաց գավաթ` համագործակցելով Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) հետ։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ սա առաջին փորձն է մրցութային ամբողջ ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, հաջորդ քայլը լինելու է հայտ ներկայացնելը օդագնացության մեծ մասշտաբի մրցույթ ապահովելու համար։ Օդաչուները, օդապարիկներով թռչելիս, կատարելու են կոնկրետ հանձնարարություններ։