«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ նպաստելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 18 երկրի 28 հայ պատվիրակ Հայաստանում մասնակցել են տասնհինգօրյա դասընթացի, որն ընդգրկել է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։ Դասընթացներից հետո յուրաքանչյուր մասնակից իր անհատական ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը նախաձեռնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որին մասնակցում են ինչպես իրենց համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ: Նպատակն է հնարավորություն ընձեռել նրանց՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը, նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Ծրագիրը մեկամյա է, ընդգրկում է 2024 թվականի սեպտեմբերից 2025 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Այն ունի տեսական և գործնական բնույթ՝ ներառելով դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ, հիշատակի վայրեր և ՀՀ մարզեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չեխիայից Դիանա Խոջայանը և Ֆրանսիայից Սիլվա Սահակյանը ներկայացրին իրենց տպավորություններն ու հետագա անելիքները։ Դիանայի հետ նախկինում, երբ նոր էր մեկնարկել ծրագիրը, զրուցելու առիթ արդեն ունեցել ենք։ Չեխիայում բնակվող երիտասարդ հայուհու նպատակն է նպաստել այնտեղ բնակվող հայերի համախմբմանը՝ հիմնադրելով հայկական առցանց դպրոց։ Խոջայանը նաև Բռնո քաղաքի քաղխորհրդի առաջին հայ անդամն է, ընդգրկված է իրավական հարցերի հանձնաժողովում։ Նա ներկայացնում է նաև տեղի հայկական «Նաիրի» կազմակերպությունը։   

Իսկ Սիլվա Սահակյանը 6 տարեկանում ծնողների հետ Ռուսաստանից տեղափոխվել է Ֆրանսիայի մայրաքաղաքին կից Արֆոլվիլ քաղաք, որը պատկերավոր կոչում են փոքրիկ Հայաստան։ Նա կամավոր հիմունքներով ներկայացնում է տեղի հայերի «Աշխարհի տապան» նորաստեղծ կազմակերպությունը, իսկ հիմնական գործը մասնագիտական խորհուրդներ տալն է ՏԻՄ ներկայացուցիչներին։ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցելու համար Սիլվային առաջադրել է կազմակերպության նախագահ Գևորգ Ներսիսյանը։ Երիտասարդ հայուհին ավարտել է Գրենոբլի համալսարանի բակալավրիատը՝ ստանալով իրավաբանի որակավորում, այնուհետև սովորել է Բեռլինի և Լիոնի համալսարանների մագիստրատուրաներում։     

«Դասընթացներից ստացա շատ դրական տպավորություններ։ Քննարկեցինք տարբեր հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են հայապահպանության հետ կապված խնդիրներին և այն հարցին, թե ինչպես կարելի է կամուրջ ստեղծել հայրենիքի և սփյուռքի գաղթօջախների միջև։ Կարծրատիպերը շատ են, բազմաթիվ հարցերի վերաբերյալ սփյուռքահայերն ու հայաստանաբնակներն ունեն տարբեր մոտեցումներ ու տեսակետներ։ Մեր նպատակն է հաղորդակցությունը դյուրացնել, մոտեցնել դիրքորոշումները և ընդհանուր հայտարարի գալ կարևոր հարցերում, որպեսզի յուրաքանչյուր ոք հստակ պատկերացնի այն իրականությունը, որ կա Հայաստանում և Սփյուռքում»,- ասաց Սահակյանը։ 

Դիանա Խոջայանը, երկրորդելով գործընկերոջը, նշեց, որ նույնպես տպավորված է կազմակերպական աշխատանքներով, ծրագրի իրականացմամբ։ Նրան առավելապես հետաքրքրել են մասնագիտական դասընթացներն ու աշխատաժողովները, որոնք վերաբերում են համայնքներում առաջնորդությանը, հայրենադարձության խնդրին, սփյուռքի հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին։ 

«Մենք ստացանք բավականին շատ գիտելիքներ, որ կարող ենք օգտագործել մեր համայնքներում իրականացվելիք աշխատանքներում։ Դասընթացների շրջանակում տեղի ունեցան բավականին կարևոր հանդիպումներ տարբեր մասնագետների հետ։ Այցելեցինք նաև մարզեր։ Մեզ համար կարևոր է տեսնել ավելին, քան այն, ինչ կատարվում է Երևանում։ Չափազանց հետաքրքիր է շփվել տարեկից երիտասարդների հետ, իմանալ, թե ինչ հարցեր են այսօր հուզում հատկապես երիտասարդներին»,- ասաց Խոջայանը։    

Սիլվա Սահակյանն իր հերթին հավելեց, որ դասընթացների միջոցով կարող են պատկերացում կազմել իրենց հնարավորությունների մասին և հստակ իմանալ, թե ինչպես կարող են համատեղ ուժերով օգտակար լինել թե՛ հայրենիքին, թե՛ իրենց համայնքներին։ Նրա դիտարկմամբ՝ միջոցառումները նպաստում են նաև մասնակիցների միջև կապերի ամրապնդմանը, որովհետև նրանք այդպես կարող են մեկտեղել ներուժն ու հնարավորությունները, համագործակցել ընդհանուր ծրագրերի շուրջ։ Սահակյանին գոհացրել է այն ներուժը, որով օժտված է հայ երիտասարդությունը, որը պատրաստ է ներգրավվել բավականին հավակնոտ ծրագրերում, ուստի երիտասարդները պետք է հաղորդակցվեն թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։  

Մեր զրուցակիցները ներկայացրին նաև հետագա անելիքները։ Դիանա Խոջայանը հայտնեց, որ իր նպատակն է նպաստել Չեխիայում բնակվող հայերի համախմբմանը՝ հիմնելով հայկական դպրոց՝ թեկուզ առցանց տարբերակով։

«Ուզում ենք, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և հատկապես մշակութային կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ։ Նախատեսում ենք «Նաիրի» կազմակերպության միջոցով անցկացնել  հետաքրքիր միջոցառումներ, որպեսզի չեխերը տեսնեն մեր ներուժը, հայերին Չեխիայում պաշտոնապես տրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելի համախմբված ու ակտիվ գործել»,- ասաց Խոջայանը։

Նա տեղեկացրեց, որ հնարավորության դեպքում օգտագործում է Բռնո քաղաքի քաղխորհրդի անդամ լինելու հանգամանքը և հայտնեց, որ, իր կապերն օգտագործելով, բարձրաձայնում է տեղաբնակ հայերին հուզող խնդիրները։ Նա հավելեց, որ «Նաիրի» կազմակերպության միջոցով նախատեսում են փորձի փոխանակման շրջանակում Բռնո հրավիրել Չարենցավան համայնքի ավագանու անդամներին, որպեսզի նրանք տեղում ծանոթանան չեխ գործընկերների աշխատանքին և Հայաստանում իրենց գործունեության մեջ օգտագործեն հաջողված համագործակցության բաղադրիչները։  

Սիլվա Սահակյանն էլ ասաց, որ ի տարբերություն Չեխիայի՝ Ֆրանսիայում հայկական համայնքը բավականին մեծ է ու ազդեցիկ, իրականությունն  էլ բոլորովին այլ է։ Ֆրանսիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներն ու շարքային ֆրանսիացիները սիրում են հայերին և գնահատում նրանց մեծ ներդրումը երկրի զարգացման գործում։  

«Մենք ներկայանալու խնդիր չունենք, պարզապես անհրաժեշտ է ստեղծել տեղաբնակ հայերին համախմբող մեկ միասնական միություն։ Կան, իհարկե, բազմաթիվ կազմակերպություններ ամբողջ Ֆրանսիայով մեկ, որոնց մեջ մարդ նույնիսկ կարող է խճճվել։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ մեկ ընդհանուր, համահայկական միություն ստեղծելուն, որի գործունեության առանցքում լինելու է հայապահպանության խնդիրը։ Ֆրանսիայում կան արդեն հինգերորդ սերնդի ներկայացուցիչներ, շատերն արդեն հայերեն չեն հաղորդակցվում, բայց պետք է ունենան այնպիսի զգացում, որ միշտ սպասված են իրենց պատմական հայրենիքում և իրենց կարողություններով կարող են օգուտ բերել Հայաստանին՝ մոտենալով իրենց արմատներին։ Իսկ մենք պատրաստ ենք լինել կապող օղակ։ Մեզ համար հայ լինելն ու հայ մնալն ամենօրյա պարտավորություն է, հաճելի ու կարևոր հանձնառություն»,- ասաց Սահակյանը։ 

Մեր զրուցակիցները հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, որ իրենց ակտիվորեն աջակցում են ոչ միայն Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, այլև արտերկրում տեղակայված ՀՀ դեսպանատները, որոնք քաջատեղյակ են ծրագրից։ Աղջիկները հատուկ շնորհակալություն հայտնեցին իրենց թիմի ղեկավարին, հանձանակատարի գրասենյակի ներկայացուցիչ Լիլի Խաչատրյանին, ով, ի դեպ, զբաղվում է նաև «Ի գործ» ծրագրով, որի շրջանակում սփյուռքահայ մասնագետները հնարավորություն ունեն աշխատանքի անցնել ՀՀ կառավարությունում։ Մեր զրուցակիցները նշեցին, որ հայաստանյան դասընթացների արդյունքում առաջացել են դրական հեռանկարներ՝ ստեղծելով համատեղ աշխատանքի լայն տիրույթ, ուստի իրենք պատրաստ են ողջ ներուժով, ազգային արժանապատվությամբ ու երիտասարդական ավյունով լծվել հավակնոտ նախագերի իրականացմանը, որոնք նպաստելու են Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը։ 

Մանվել Մարգարյան

Հայերեն Español Русский

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր