Մշակույթ

Գրադարանավարները մրցանակաբաշխությամբ նշեցին մասնագիտական տոնը

6 րոպեի ընթերցում

Գրադարանավարները մրցանակաբաշխությամբ նշեցին մասնագիտական տոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրադարանավարի օրվա առթիվ հոկտեմբերի 7-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվեցին «Լավագույն գրադարան» մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն մարզային գրադարան» անվանակարգում մրցանակի արժանացավ Արագածոտնի մարզային գրադարանը, «Լավագույն կրթամշակութային գրադարան» համարվեց Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը, «Լավագույն մասնագիտական բուհական գրադարան» մրցանակին արժանացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարանը, «Լավագույն համայնքային գրադարան» ճանաչվեց Գավառի քաղաքային գրադարանը, իսկ «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգում մրցանակը տրվեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին։

Հաղթող չկար «Լավագույն  նորարար գրադարան» անվանակարգում։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը հիշեցրեց՝ մրցույթն անցկացվում է երրորդ անգամ։ «Այս տարի աննախադեպ էր հայտերի քանակը։ Շուրջ 70 գրադարան շատ կարճ ժամանակամիջոցում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ մրցույթը նպատակ ունի մոտիվացնել գրադարաններին, խթանել գրադարանների աշխատանքն ու զարգացնել գրադարանային գործը Հայաստանում։ Տոնոյանը կարծում է՝ մրցույթը շատ կարևոր նախաձեռնություն է, իսկ հայտերի քանակը խոսում է այն մասին, որ գրադարանները ոգևորված են և մոտիվացված։

Գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆաթմա Խաչատրյանի համոզմամբ՝ մասնակիցների մեծ թիվը թույլ է տալիս մտածել, թե ինչ չափորոշիչներ է հարկավոր մշակել, որոնք հնարավորություն կտան ավելի  դյուրին գնահատել և արժևորել գրադարանների աշխատանքը։ «Բոլոր գրադարանները ներկայացնում են բազմաբնույթ միջոցառումներ, սակայն կցանկանայի, որ նաև վերլուծական նկարագրություն լիներ, թե ինչ նպատակով է կազմակերպել այս կամ այն միջոցառումը, ինչպես է այն անցել և ինչ արդյունքներ է տվել»,- նշեց նա և հավելեց՝  կարևոր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մտնեն գրադարան և դառնան նրա առօրյայի մի մասը, ինչի արդյունքում գրադարանները կարող են բարելավել իրենց արդյունքները։

Խաչատրյանը շեշտեց՝ գնահատման սանդղակում կա մի կետ, թե գրադարանն ինչ սոցիալական հարթակներում է ակտիվ, քանի հետևորդ ունի և այլն։ Նա կարծում է՝ ցանկալի է, որ գրադարանները վերլուծեն, թե հետևորդներն ինչու են հետաքրքրվում գրադարանի գործունեությամբ, ինչ պահանջներ ունեն։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց բոլորին տոնի առթիվ։ Նա ասաց, որ եղել է Հայաստանի գրեթե բոլոր գրադարաններում, իսկ միությունը ներդրում է ունեցել գրադարանների՝ ժամանակակից հեղինակների գրքերով համալրման գործում։ Միլիտոնյանը հորդորեց շատ կարդալ և հիշեց Բորխեսի խոսքերն այն մասին, որ ինքն ավելի շատ ուրախանում է իր կարդացած գրքերով, քան գրած։

Միլիտոնյանը Խնկո Ապոր անվան գրադարանին պատվոգիր հանձնեց և իր «Մեր տան կրկեսը» և «Ամենալավ նվերը» գրքերը։

«Լավագույն գրադարան» մրցույթի շրջանակում տարբեր անվանակարգերում հայտեր ներկայացրած ևս վեց գրադարան կպարգևատրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական գրադարանային ասոցիացիայի սահմանած պատվոգրերով։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա նախարարությունում։  Այդ վեց գրադարաններին կտրվեն խրախուսական նվերներ Հայկական գրադարանային ասոցիացիայի, «Անտարես», «Էդիթ պրինտ», «Զանգակ» հրատարակչությունների կողմից։

Հայկական գրադարանային ասոցիացիան նվեր քարտեր էր պատրաստել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանի, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի, Արմավիրի մարզի Քարակերտի համայնքային կենտրոնի գրադարանի համար։

«Էդիթ պրինտ»-ը 36 միավոր գիրք նվիրեց Շիրակի մարզային գրադարանին, «Զանգակ»-ը  40 միավոր գիրք նվիրեց Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի գրադարանին, «Անտարես»-ը՝ 50 միավոր գիրք Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանին։

2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր։ «Լավագույն գրադարան» մրցույթն իրականացնում է «Հայկական գրադարանային ասոցիացիա»-ն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցում են ՀՀ-ում գործող գրադարանները։ Մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանների և գրադարանավարների դերի կարևորումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում