Քաղաքականություն

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան

4 րոպեի ընթերցում

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում եւ անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության եւ ամրապնդման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի ելույթի տեքստում: 

«Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում եւ դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը: Այս երեւույթին մենք` հայերս, բախվում են ամեն օր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա: The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա:

Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում: Բնականաբար, այս ամենն ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ:

Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է կոնվենցիայի 10-րդ հոդվածում, պաշտպանում է տեղեկատվության ազատությունը:

ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումների համաձայն` ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումն առանցքային գործոն է: Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում:

Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում եւ, իսկապես, անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության եւ ամրապնդման վրա:

Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարեւոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել.

Նպաստել մեդիագրագիտությանը: Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու եւ լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով:

Խրախուսել թափանցիկությունը: Կարեւոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության եւ թափանցիկության որոշումների ու ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության եւ հասարակության միջեւ:

Ամփոփելով` ակնհայտ է, որ թեեւ քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա եւ ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը: Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում»,- նշված է ելույթում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում