Նարեկ Մկրտչյանն ու Օլաֆուր Գիյլֆասոնը քննարկել են պրոթեզավորման արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։ 

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրները, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Հայերեն