«Նոր գիրք»-34/24. Գրիգորյան, Հոմերոս, Մանուկյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Անրի Գրիգորյան, «Սուլոց աֆրիկացու մասին» 

Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպը ազգությամբ հայ տղայի ինքնության փնտրտուքն է անկախության շրջանի Վրաստանի պատմության ու հասարակական-քաղաքական իրադարձությունների զուգահեռներում։ Պապ-հայր-որդի  ժառանգական շղթայում որդին փորձում է տեղորոշել իր ինքնությունը նախ որպես անհատ՝ իրեն ի պահ տրված ազգային ու լեզվական ժառանգությունը ի մի բերելով և հետո շարունակում որոնումը արդեն  սեփական սեռականության, հարաբերությունների և իրականությունից եկող կոդերի փոխշփման աստիճանում։ Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը։

Թարգմանական գրականություն . Հոմերոս, Ոդիսական

Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) երկրորդ էպիկական պոեմի՝ «Ոդիսական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: «Իլիական»-ի՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությունը լույս է տեսել 2022 թվականին։ Ուստի, սույն հրատարակությամբ ամբողջանում է Հոմերոսի գրական ժառանգության նոր թարգմանությունը։ Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս երկու անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշներ, դրանք շարունակում են մեզ գերել ու հիացնել նաև այսօր: 

Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Նանե Մանուկյան, «Նոր սերնդի թոշակառուները»

Կուտակային կենսաթոշակային համակարգի հայկական մոդելը ձեւավորվեց, թրծվեց և կայացավ երկու տասնամյակ անընդմեջ: Միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև հայկական մոդելի ձեւավորում, օրենսդրական փաթեթի մշակումից մինչև բանակցություններ միջազգային համբավ ունեցող ֆոնդերի կառավարիչների հետ, հանրային ընդվզումից մինչև սահմանադրական ճգնաժամ. կենսաթոշակային մեծածավալ բարեփոխման ամբողջական քրոնիկոնն ամփոփված է մեկ գրքում: Երեք տասնյակից ավելի բացառիկ հարցազրույցներով հագեցած գիրքը ներկայացնում է չոր թվերից այն կողմ մնացած իրականությունը, փակ դռների հետևում կայացած բանակցությունները, մերժումների ու հաջողությունների իրարահաջորդ շրջափուլերը և շատ ավելին:Կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում առանցքային ներդրում ունեցած գործիչները բացահայտում են ռեֆորմի հետնաբեմը, քննարկում համակարգի կենսունակությունն ապահովող գործոնները, գնահատում գրանցած արդյունքները և ուրվագծում ապագայի մտապատկերը: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը