Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ վերը նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: 

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում