Ներքին գործերի նախարարությունը Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է կազմակերպել
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության փրկարարական և վթարավերականգնողական ուժերն ու միջոցները։
Աղետի սցենարը պլանավորվել էր այնպես, որպեսզի փորձարկվի համայնքի Աղետների ռիսկի կառավարման պլանը, ստուգվի և կատարելագործվի փոխգործակցությունը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև, բարձրացվի համայնքների դիմակայունությունը և կրթական հաստատություններում երեխաների անվտանգությունը։
Միջոցառման գործնական մասն անցկացվել է Մարմարաշենի դպրոցի հարակից տարածքում, որտեղ դաշտային պայմաններում փորձարկվել են ներկաների գիտելիքներն ու կարողությունները։ Հաջորդեցին անհապաղ արձագանքման գործողություններ։
Ըստ աղբյուրի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ում արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրերի ղեկավար Հեղինե Ղուկասյանի խոսքով՝ «Ոսումնավարժությունը կազմակերպում է համայնքը թե՛ Փրկարար ծառայության, թե՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Այստեղ կարևոր է համայնքի հետ կատարվող աշխատանքի շարունակականությունը, որովհետև այս տարհանված դպրոցները նաև աղետների ռիսկի կառավարման մշակման կարիք ունեն, որը մենք, որպես հաջորդող քայլ, արդեն նախանշել ենք»։
«Հաշվի առնելով, որ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում ջրածածկ գոտում կհայտնվեն նաև մի շարք բնակավայրեր՝ իրականացվեց նաև դպրոցների ազդարարում ու իրազեկում։ Այն, ըստ տարիքային խմբերի, ներառում էր տարհանման, առաջնային կարիքների հաշվառման, կենսապահովման և հոգեբանական աջակցության փուլային գործողություններ։ Իսկ ավարտին տեղի ունեցավ արդյունքների համակողմանի ամփոփում:
Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գնել Ապինյանը նշել է. «Մենք մշտապես կապի մեջ ենք ՆԳ նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցների հետ և տարին երկու անգամ կազմակերպում ենք աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, իսկ տարին մեկ անգամ էլ ուսումնական վարժանք ենք անցկացնում»:
Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը առաջնահերթություն է համարում հանրության անվտանգությունն ու կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը՝ նպաստելով համայնքներում աղետներին դիմագրավելու հնարավորությունների մեծացմանը: Նման վարժանքների նպատակը արտակարգ իրավիճակներում հնարավորինս շատ կյանքեր փրկելն ու վնասները նվազագույնի հասցնելն է։