ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատկերապատման կամ կոմիքսների արվեստը ավելի սերտորեն է կապված գիտության հետ, քան կարող է թվալ: Պատմություններ պատմելու հնագույն այս ճյուղում գիտական ֆանտաստիկան շատ կարևոր դեր է կատարում. ու խոսքը ոչ միայն սուպերհերոսների թեմայով կոմիքսների մասին է, այլ շատ ավելի լուրջ, հեղինակային աշխատանքների: Հայաստանում կոմիքսներով զբաղվում են, հեղինակային աշխատանքներ ստեղծվում են. արվեստի այս ճյուղը, իր մեջ կրելով նաև հայկական մանրանկարչության հարուստ ավանդույթները, շարունակում է զարգանալ: Իսկ առաջիկա «Գիտության շաբաթվան» ընդառաջ կազմակերպվել է գիտության թեմայով «ԳիտաCon» պատկերապատման մրցույթը, որի արդյունքները շուտով ամփոփվելու են:
Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է կոմիքս նկարիչ, «ԳիտաCon» պատկերապատման մրցույթի ժյուրիի անդամ Շամիրամ Խաչատրյանը: