ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեց Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում միջազգային կրթական փորձի, նորարարությունների և առաջնորդության շուրջ փոխգործակցության նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրեցին ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
«Շատ շնորհակալ ենք այս հնարավորության համար։ Մեզ համար մեծ պատիվ է լինել WCIT-ի նման միջազգային ճանաչում ունեցող միջոցառման գործընկերը։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի միջոցառման ճանաչելիության բարձրացմանը և միջազգային տեղեկատվական ու բիզնես միջավայրի ակտիվ ներգրավմանը»,-ասաց Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբ ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն՝ ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, կրթական ծրագրերի և վերապատրաստումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ փորձագիտական աջակցության տրամադրման ուղղություններով։
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ այն ակտիվացնելու է այդ թվում՝ միջազգային փոխգործակցությունն այլ երկրներում գործող Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբների միջև։ Նմանատիպ համագործակցությունները նպաստում են նաև հայաստանյան տեղեկատվական ոլորտի նկատմամբ միջազգային մեդիայի հետաքրքրույան մեծացմանն ու պարբերական անդրադարձներին»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
WCIT2024/DigiTec-ը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:
Չորս օրերի ընթացքում, WCIT2024/DigiTec-ը Հայաստանը կդարձնի տեխնոլոգիական մտքի կենտրոն՝ դառնալով հարթակ ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:
WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`
- ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
- ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
- Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
- խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:
Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: