ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սրբազան պայքար» կոչվող շարժումը Մարզահամերգային համալիրում հավաք է հրավիրել և ներկայացրել հետագա քայլերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ նախատեսում է ակտիվ գործունեությունը վերսկսել հոկտեմբերի 2-ին՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքով։
«Որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ի մասնավորի՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և զանազան այլ անձանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկում ենք հոկտեմբերի 2-ին ժամը 18:30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, մտնելով պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված»,-հայտարարեց նա:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ շարժումը նոր է սկսվում:
«Եթե սա ոմանց համար քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է: Եվ այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է և ոչ ոք չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»,-նշել է նա:
Շարժման առաջնորդը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք ավելի վաղ հայտարարել էր հանրահավաքների ընթացքում, այն է` նոր իշխանության ձևավորում, որը կդառնա հաշտության և ունակների կառավարություն, այնուհետև գերլարված տարածաշրջանում վերադարձ երկարաժամկետ խաղաղության ու կայունության բանակցություններով՝ ԼՂ հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, ինչպես նաև բռնի տեղահանված ժողովրդի հավաքական և արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժի ՀՀ տարածքից դուրս մղելով:
Մարզահամերգային համալիրում հավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: