Սոցիալական հարցեր

«Իմ Քայլը» և Չինաստանի «Soong Ching Ling» բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին և հիմնադրամի ղեկավար կազմին։ Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Շեն Բեյլին, ողջունելով Աննա Հակոբյանին և հայկական պատվիրակությանը, շեշտել է զարգացող հայ-չինական հարաբերությունները և հույս հայտնել, որ արդյունավետ ու նույն տեմպով զարգացող կլինի նաև այս հետագա գործակցությունը։

Աննա Հակոբյանը նշել է, որ լինելով Ցինդաոյում և Պեկինում, նորովի է բացահայտել Չինաստանը։ Շարունակել է, որ Ցինդաոյում մի շարք կարևոր ու բովանդակային հանդիպումներ է ունեցել, շրջել տարբեր հաստատություններում, սակայն մեծ է եղել ցանկությունը հանդիպումների շարքում ունենալ նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամին և նոր գործակցություն ստեղծելուն վերաբերող հանդիպում ևս։

«Ես ուզում եմ այս հանդիպումն օգտագործել ավելի գործնական նպատակով, որովհետև գուցե նման հնարավորություն մոտ ապագայում չլինի։ Ու քանի որ հայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, միմյանց ժողովուրդների միջև կապերի հաստատումը և մշակույթներն ավելի լավ ու ավելի խորը ճանաչելը, ես ուզում եմ առաջարկել, որ իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի և «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքենք, որի հիմքում դրված կլինի մարդկային շփումներ (people to people) կազմակերպելը և ապահովելը»,- ընդգծել է Աննա Հակոբյանը։

Ըստ աղբյուրի՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը գործընկերներին ներկայացրել է «Իմ Քայլը» բոլոր՝ «Քվանտա», «Հորիզոններ», «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերը, մանրամասնել դրանց առաքելությունը և նպատակը, որոնց հիմքում որակյալ կրթությունն է, տարբեր խմբերի աշխատունակության բարձրացումը, սկսնակ բիզնեսի խթանումը։ Թալին Թօփալաքեանը չինական կողմին է նաև ներկայացրել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարը, որի վերջնական արդյունքը լինելու է հատուկ կարիքներ ունեցող անձանց  ինտեգրումը, աշխատանքով ապահովումը։

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենի կարճ հաշվետվությունից հետո իրենց գործունեությունն է ներկայացրել նաև «Soong Ching Ling» հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլին։ Մանրամասնել, որ հիմնադրամը ստեղծվել է 1982-ին` Չինաստանի հանգուցյալ պատվավոր նախագահ Սուն Չին Լինի հիշատակին։ Հավելել է, որ «Soong Ching Ling» հիմնադրամն ավելի շատ վերցրել է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությունը, սակայն բարեգործական ծրագրեր ունեն ամենատարբեր ոլորտներում։

Նշվում է՝ կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գաղափարախոսությունում կան նմանություններ՝ հատկապես կրթական ու սոցիալական ծրագրերում։ Աննա Հակոբյանը ընդգծել է նաև փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուներին ուղարկել Չինաստան և հակառակը՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Շեն Բեյլին ուրախությամբ ընդունել է Աննա Հակոբյանի առաջարկած՝ համագործակցության հուշագիր կնքելու գաղափարը։

«Մենք շատ ուրախ ենք, որ նման քննարկում ունեցանք, որը կհանգեցնի մեր երկու հիմնադրամների միջև գործակցության վերջնական համաձայնության: Առաջիկա քննարկումների ընթացքում մենք կարող ենք ուսումնասիրել գործակցության ոլորտները: Մենք նաև ողջունում ենք փորձի փոխանակման Ձեր առաջարկը և կարող ենք ցույց տալ Չինաստանում իրականացվող շատ նախագծեր, քանի որ մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հատկապես հեռավոր շրջաններում։ Ուրախ կլինենք, եթե մենք էլ այցելենք Ձեր երկիր և ուսումնասիրենք նաև Ձեր երկրի փորձը, քանի որ, կարծում եմ, կլինեն այնպիսի ոլորտներ, որտեղ մենք միմյանցից սովորելու բաներ կունենանք»,- ընդգծել է «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլին։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երկու հիմնադրամների հաջորդ հանդիպումը, որը կլինի ավելի առարկայական, կանցկացվի Հայաստանում։

Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջել է «Soong Ching Ling» հիմնադրամի` «Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոնում, որտեղ աշխատակիցները ցուցադրել են իրենց բոլոր սրահները, սարքավորումները և տեխնոլոգիաները, որոնց միջոցով աշխատում են դպրոցահասակ երեխաների հետ, կրթում նրանց:

«Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում: «Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրերի նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից: Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ:

 

Հայերեն

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ի միջոցառումների անոնս

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել