Տնտեսություն

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության  զարգացումը երկրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին հավակնոտ բարեփոխումների Հայաստանի օրակարգն իրականություն դարձնելու ճանապարհին աջակցելու համար:

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում»,-ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում