Չինաստան

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

6 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ցինդաո քաղաք այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն: Աննա Հակոբյանին դիմավորել է կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։ 

Սյու Բաոֆենի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է Չինագիտության համաշխարհային կենտրոնում: Աննա Հակոբյանին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը` ստեղծման օրվանից ի վեր, պատմել կենտրոնի առաքելության մասին, որն աշխարհում չինարենն ու չինական մշակույթը տարածելն ու հանրայնացնելն է:

Շրջայցին հաջորդած հանդիպման ընթացքում  Սյու Բաոֆենը բարձրաձայնել է հայ-չինական մշակութային  կրթական կապերի խորացման ցանկության մասին: 

«Մենք կարող ենք գործակցել հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, կարող ենք Հայաստանում բացել չինագիտության կենտրոն, որպեսզի Ձեր երկրում ավելի շատ մարդիկ կարողանան ուսումնասիրել Չինաստանը, չինարենը և չինական մշակույթը: Մենք ակնհայտ ասում ենք գործակցության ընդլայնման մեր ցանկության մասին»,- ասել է Համաշխարհային չինագիտության կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը: 

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու հետաքրքիր շրջայց կազմակերպելու համար: Վարչապետի տիկինը նշել է, որ գործակցության խորացմամբ հետաքրքրված է նաև հայկական կողմը։

«Թեև երկրների հարաբերություններում միշտ ուշադրության կենտրոնում են քաղաքական, ապա տնտեսական հարաբերությունները, բայց, կարծում եմ, ճիշտ է սկսել մշակույթից ու լեզվից։  Ես կարծում եմ, որ հայ-չինական մշակութային ու կրթական հարաբերությունների խորացման տեսանկյունից ամենաճիշտ վայրում եմ գտնվում»,-ընդգծել է վարչապետի տիկինը: 

Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հայաստանյան համալսարաններից որևէ մեկում չինագիտության կենտրոնի հիմնման հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Աննա Հակոբյանի խոսքով՝ սա կարևոր է երկու երկրների համար, և հույսը մեծ է, որ չինական կողմն էլ առաջիկայում կդիտարկի Չինաստանում հայագիտության կենտրոնի ստեղծման հարցը: 

Սյու Բաոֆենն Աննա Հակոբյանին պատմել է, որ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանում իրենք օտարազգի հայտնի գրողների կիսանդրիներ են տեղադրում: Սենը հույս է հայտնել, որ այդ շարքում կլինի նաև հայ հայտնի գրողի կիսանդրի: Աննա Հակոբյանը սիրով ընդունել է առաջարկը և ընդգծել, որ հայկական կողմը նույնչափ հետաքրքրված է կիսանդրու տեղադրմամբ, քանի որ սա մեծ հնարավորություն է, որ աշխարհում ճանաչեն հայտնի հայ հեղինակների:

Սյու Բաոֆենը նշել է, որ չինական կողմը նաև կրթական տարբեր ծրագրերում գործակցելու ցանկություն ունի: Աննա Հակոբյանը խոստացել է ԿԳՄՍ նախարարությանը փոխանցել այս և մյուս առաջարկները, որոնց մանրամասները հնարավոր կլինի քննարկել Սյու Բաոֆենի` նոյեմբերին Երևան կատարելիք այցի ընթացքում:

Հանդիպումից հետո Չինագիտության համաշխարհային կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի անունից ճաշ է մատուցվել՝ ի պատիվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի:

Վարչապետի տիկինը Չինագիտության համաշխարհային կենտրոն այցի ավարտին հարցազրույց է տվել տեղի «Qingdao News» լրատվականին, ընդգծել, որ երկրորդ անգամ է գտնվում Չինաստանում և ուրախ է, որ Ցինդաոյում է և մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության կանանց համաժողովին:

«Շատ հագեցած օրակարգով եմ Չինաստանում: Այսօր առաջին կետն էր, և ես այցելեցի Չինագիտության համաշխարհային կենտրոն: Երեխաները շատ գեղեցիկ կատարեցին ազգային երաժշտություն, նաև ինքս եմ փորձել նվագել այդ գործիքներով: Այսօր այստեղ քննարկվեց նաև Չինաստանաում հայագիտության և Հայաստանում չինագիտության կենտրոններ բացելու հնարավորությունն ու հեռանկարը»,- հարցազրույցում շեշտել է վարչապետի տիկինը: 

Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ մայրաքաղաք Պեկինում հանդիպում կունենա նաև «Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ղեկավարում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը:

Այնուհետև վարչապետի տիկինն ուղևորվել է Ցինդաոյի կենտրոն, շրջել քաղաքում, այցելել Սբ. Միքայել կաթոլիկ եկեղեցի, որի վանահայրը Աննա Հակոբյանին է պատմել եկեղեցու կառուցման ու գործունեության մանրամասները, ներկայացրել է Ցինդաոյի քրիստոնյա համայնքի մասին տեղեկություն: 

Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Չինաստանում է՝ մասնակցելու  Շանհայի համագործակցության կազմակերպության սեպտեմբերի 11-ին կայանալիք կանանց համաժողովին:  

Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում