Չինաստան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանում է` «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, սեպտեմբերի 9-ին Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամ, նահանգային կոմիտեի կազմակերպչական վարչության ղեկավար Վան Յույանի հետ:

«Վան Յույանը շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները խորացել են, ավելացել են ամենատարբեր, այդ թվում՝ բարձրագույն մակարդակի այցերը, հիշատակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի այցը:

Վան Յույանը Աննա Հակոբյանին է ներկայացրել Շանդուն նահանգի հակիրճ պատմությունը, տնտեսական գործունեությունը, շեշտել, որ Ցինդաոն և Երևանը քույր քաղաքներ են, և հույս հայտնել, որ  առաջիկայում Շանդուն նահանգը նոր գործակցություն կսկսի Հայաստանի որևէ քաղաքի կամ մարզի հետ: Վարչապետի տիկինը խոստացել է Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը փոխանցել հայ պաշտոնյաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը նման առաջարկ առաջին անգամ է ստանում, և իր համար մեծ պատիվ է մասնակցել համաժողովին:

«Մենք բարձր ենք գնահատում և կարևորում ենք այս միջոցառումը մի քանի տեսակետից՝ թե հայ-չինական, թե «Շանհայի համագործակցության կազմակերպության» և Հայաստանի հարաբերությունների տեսակետից: Ինչպես գիտեք, Հայաստանը ձգտում է ստանալ դիտորդի կարգավիճակ, և ես հույս ունեմ, որ նման կազմով պատվիրակության այցը կնպաստի դրան և քայլ առաջ կլինի այդ նպատակին հասնելու ճանապարհին: Եվ, վերջապես, որպես կին, ինձ համար շատ կարևոր է թեման, որն այս տարի դրված է համաժողովի հիմքում»,- նշել է Աննա Հակոբյանը:

Չինաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է և հայ-չինական հարաբերությունները զարգանալու մեծ պոտենցիալ ունեն, շարունակել է վարչապետի տիկինը:

«Մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Ուրումչի-Երևան առաջին չվերթը, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել Հայաստանի բնակչության շրջանում, և մենք հույս ունենք, որ սա միակ ուղիղ չվերթը չի լինի Հայաստանի և Չինաստանի միջև: Հույսը մեծ է նաև, որ բարեկամ երկրում նույնպես մեծ հետաքրքրություն կառաջանա դեպի Հայաստանը՝ որպես Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիր: Հայաստանը և Չինաստանը միմյանց հետ կիսելու ու իրար հարստացնելու մեծ արժեքներ ունեն»,- ընդգծել է վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանը շեշտել է, որ մեծ հաճույքով է հիշում վարչապետ Փաշինյանի 2019-ի այցը, որի ժամանակ ինքն ուղեկցել է վարչապետին:

Նշվում է, որ «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-ին:

Հանդիպումից հետո Վան Յույանի անունից ընթրիք է մատուցվել ի պատիվ Աննա Հակոբյանի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում