Քաղաքականություն

Փոխվարչապետն արդյունավետ գնահատեց Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկումները ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ

3 րոպեի ընթերցում

Փոխվարչապետն արդյունավետ գնահատեց Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկումները ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ գնահատեց Հայաստան-ԵՄ համագործակցության և դրա ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ քննարկումները Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

«Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները։Գոհունակությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական, անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ ներկայում բանակցություններ են ընթանում ավելի հավակնոտ և ընդգրկուն գործընկերության առաջնահերթությունների նոր օրակարգի և դիմակայունության ու աճի ծրագրի շուրջ՝ միտված համագործակցության հորիզոնների ընդլայնմանը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և սոցիալ-տնտեսական կայունության ապահովմանը։

Ըստ փոխվարչապետի՝ շարունակվում են հետևողական աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես Հայաստանում բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։

Գրիգորյանը հատկանշական համարեց ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական ու ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը։ 

«Այս համատեքստում շնորհակալություն ենք հայտնում եվրոպական կողմին Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրման համար՝ ակնկալելով այդ ուղղությամբ շարունակական փոխգործակցություն»,-նշեց Գրիգորյանը՝ կարևորելով նաև ԵՄ աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայուն զարգացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում