Մշակույթ

Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությունը՝ Երևանի սրտում. Կարապի լճում ցուցադրվում են ֆիլմեր նրա դերակատարմամբ

5 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությունը՝ Երևանի սրտում. Կարապի լճում ցուցադրվում են ֆիլմեր նրա դերակատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ չորս օր Շառլ Ազնավուրի երաժշտության և արվեստի սիրահարները Կարապի լճում հնարավորություն ունեն դիտելու արտիստի մասնակցությամբ չորս ֆիլմ: 

«Ազնավուրը կինոյում» ռետրոսպեկտիվ ցուցադրությունը սեպտեմբերի 7-ին մեկնարկեց Ազնավուրի՝ մի քանի տասնամյակների ընթացքում նկարահանած նյութերի հիման վրա ստեղծված  «Ազնավուրը Շառլի աչքերով» եզակի վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Այս ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս զգալ Ազնավուրի կյանքը բեմից դուրս՝ բացահայտելով լեգենդի հետևում կանգնած մարդուն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացմանը ներկա էին Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, որդիները՝ Նիկոլա Ազնավուրը, Միշա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Շառլ Ազնավուրի դերակատարումով ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը կազմակերպվել է արտիստի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում՝ հրավիրելով հանդիսատեսին միանալու նրա ուշագրավ կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությանը: Այս միջոցառումը կնշանավորի Ազնավուրին որպես դերասան, ով իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ 

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը նշեց՝ «Ազնավուրը կինոյում» ռետրոսպեկտիվ ցուցադրությունը ոչ միայն հարգանքի տուրք է Շառլ Ազնավուրի փայլուն մասնագիտական ուղուն, այլև հիշեցում,  որ նրա մշակութային ժառանգությունը չափազանց բազմաշերտ է։ Թեև աշխարհն Ազնավուրին ճանաչում և ընկալում է հիմնականում որպես երաժիշտ, կինոյի հանդեպ նրա սերը նույնքան խորքային էր: 

«Սկսած Տրյուֆոյի հռչակավոր «Կրակե՛ք դաշնակահարի վրա» ֆիլմից մինչև «Փարիզն օգոստոսին» գեղեցիկ մելոդրաման՝ Շառլ Ազնավուրն իր կերպարներին մարմնավորում էր այն նույն զգացմունքային խորությամբ, որը մենք այդքան շատ ենք սիրում իր երաժշտական կատարումներում: 

«Ազնավուրը Շառլի հայացքով» եզակի ֆիլմը թույլ է տալիս մեզ տեսնել կյանքը նրա աչքերով, բացահայտել բոլոր այն զգացմունքներն ու մտորումները, որ բնորոշում էին նրան ոչ միայն որպես արվեստագետի, այլև որպես մարդու:

Այս հետահայաց ցուցադրությունը նշանավորում է ոչ միայն դերասան Շառլ Ազնավուրին, այլև Շառլ Ազնավուր անհատին. մարդու, ով մշտապես ձգտել է տեսնել և փոխանցել կյանքի ողջ գեղեցկությունն ու բարդությունները՝ իր արվեստի և մարդասիրական ջանքերի շնորհիվ»,-նշեց  Քրիստինա Ազնավուրը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, կարևորելով նման միջոցառումների իրագործումն,  ընդգծեց, որ Ազնավուրը սովորություն ուներ ասելու, որ  հարյուր տոկոսով հայ է և հարյուր տոկոսով Ֆրանսիացի,  նա նաև բոլոր իրավունքներն ուներ ասելու, որ հարյուր տոկոսով երաժիշտ է և հարյուր տոկոսով դերասան: 

«Ազնավուրն ասում էր, որ երերուն քայլերով է մտել կինոյի աշխարհ, բայց 1936 -2006 թվականներին կարողացել է խաղալ ավելի քան 90 ֆիլմերում և ցույց տալ իր հսկայական տաղանդի մեկ այլ կողմը: 

Ուզում եմ նշել, որ հոկտեմբերին Ֆրանսիայում էկրան կբարձրանա «Պարոն Ազնավուր» ֆիլմը, որտեղ մեծ արտիստին կմարմնավորի ականավոր դերասան  Թահար Ռահիմը: Նշեմ, որ շուտով այն կցուցադրվի նաև Հայաստանում»,- ասաց դեսպանը: 

Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ով նաև «Ազնավուրը Շառլի հայացքով» ֆիլմի պրոդյուսերն է, ընդգծեց, որ  իր համար շատ կարևոր էր այս ֆիլմը Հայաստանում ցուցադրելը:  

«Բոլորն էլ գիտեն, թե ինչքան շատ էր իմ հայրը սիրում Հայաստանը և ձեզ: Բայց ուզում եմ նշել, որ բացի նրանից, որ իմ հայրը երգիչ ու դերասան էր, նաև դիվանագետ էր և աշխարհին ներկայանում էր մեծագույն սիրով, որի միջոցով էլ առհասարակ արարում և անում էր ամեն ինչ: Ուզում եմ, որ դուք բոլորդ միշտ հիշեք, թե ինչքան շատ էր Շառլ Ազնավուրը սիրում ձեզ բոլորիդ և նրա անունից ես ձեզ գրկում  եմ ու փոխանցում եմ նրա ողջ սերը»,- ասաց Միշա Ազնավուրը։ 

«Ազնավուրը կինոյում» նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում