ՀՀ Նախագահ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-ին կայացել է  ՀՊՏՀ խորհրդի նիստ, որի օրակարգում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունն էր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհից, ողջունելով խորհրդի անդամներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ խորհրդի նիստը կայանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և օրենսդրական ակտերի շրջանակներում և ներկայացրել նիստի օրակարգը։ 

«Խորհուրդը հաստատեց օրակարգը, աշխատակարգը և համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների՝ սահմանված պահանջներին համապատասխանության որոշումը։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 թեկնածուները՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․ Ատոմ Մարգարյանը, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, տ․գ․թ․, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը, հանդես եկան ծրագրային ելույթներով՝ ՀՊՏՀ բարեփոխման և զարգացման հայեցակարգի հիմնադրույթների ներկայացմամբ։ 

ՀՊՏՀ զարգացման իրենց տեսլականում բարձր գնահատելով համալսարանի առաջատար տեղն ու դիրքը հանրապետության բուհերի շարքում, ընդգծելով իրենց հավատարմությունը բուհի որդեգրած արժեքներին և առաքելությանը, ինչպես նաև ներկայացնելով մինչ օրս արձանագրված ձեռքբերումներն ու առաջխաղացման մեծ ներուժը՝ հավակնորդները հիմնականում կանգ առան բուհի զարգացման առանցքային ուղղությունների՝ կրթական ծրագրերի, ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքների բարելավման, միջազգայնացման, ենթակառուցվածքների բարենորոգման, կառավարման և վարչարարության հիմնախնդիրների լուծման վրա և հանդես եկան առաջարկությունների փաթեթներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ հավակնորդներին ուղղված հարցերից ու ելույթներից հետո կայացել է ռեկտորի ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, 19 կողմ ձայներով խորհուրդը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրել է Արմեն Գրիգորյանին: ՀՊՏՀ խորհուրդը հաստատել է ընտրության արդյունքները: 

ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և առաջարկել հնարավորության դեպքում հաշվի առնել նիստին հնչած բոլոր լավ առաջարկներն ու ընդունելի գաղափարները։ 

ՀՊՏՀ-ի տեղեկացմամբ՝ նիստի ավարտից հետո ՀՊՏՀ խորհրդի նախագահը և անդամները նորընտիր ռեկտորի ուղեկցությամբ շրջայց են կատարել բուհում և ծանոթացել վերջին մի քանի ամսում ՀՊՏՀ-ում կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքին՝ նորաոճ, հիմնանորոգված, կահավորված և տեխնիկապես հագեցած մի քանի տասնյակ կրթական տարածքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում