Տնտեսություն

Հայաստանը հյուրընկալում է «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը

4 րոպեի ընթերցում

Հայաստանը հյուրընկալում է «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողով»-ը։ Սեպտեմբերի 11-13-ը Հայաստանը լինելու է գինու զբոսաշրջության միջազգային քարտեզի կենտրոնում։ 100-ից ավելի մասնակից շուրջ 40 երկրից համաժողովի շրջանակում կլինի Հայաստանում՝ բացահայտելու տեղի գինու պատմությունը, զբոսաշրջային հնարավորությունները։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ բավականին հագեցած ծրագիր է սպասվում։ 

«Համաժողովի պաշտոնական բացումից բացի, ունենալու ենք ճանաչողական ընդգրկուն ծրագիր։ Մանրամասն ներկայացվելու է Հայաստանի գինու պատմությունը, գինու տուրիզմի հնարավորությունները։ Փորձել ենք ընդգրկել հնարավորինս շատ տեղացի գինեգործների։ Հայ գինեգործները հնարավորություն կունենան ներկայացնել գինեգործական ժառանգությունը և կիսվել փորձով։ Համաժողովի ընթացքում ներկաներին բացառիկ հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել աշխարհի հնագույն գինեգործարանը՝ Արենի-1 քարանձավը»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։ 

Հայաստան են ժամանելու միջազգային, ինչպես նաև տարբեր երկրների պետական կառույցների, տարածքային կառավարման կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, գինու միջազգային փորձագետներ։ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր երկրներից՝ Պորտուգալիա, Արգենտինա, Ճապոնիա, Հնդկաստան, աֆրիկյան, եվրոպական երկրներ և այլն։ 

«Առաջին անգամ ենք գինեգործության ոլորտում նման խոշորամասշտաբ միջոցառում հյուրընկալում մեր երկրում։ Սա մեծ հնարավորություն է մեր երկրի համար՝ ցույց տալու ամբողջ ներուժը։ Այս ամենը նպաստելու է Հայաստանի գինու զբոսաշրջության ճանաչելիության բարձրացմանը»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։ 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Հայաստանում գինեգործության ոլորտը վերջին 15 տարվա ընթացքում վերածնունդ է ապրում։  Ըստ նրա՝ շատ մեծ աշխատանք կա կատարելու, որ Հայաստանն աշխարհում դիրքավորվի որպես գինեգործական երկիր։ 

«Այս համատեքստում նման խոշոր միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Հատուկ ուշադրություն են դարձվելու մեդիա ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար ունենք առանձին ծրագիր։ Նրանց օգնելու ենք բացահայտել Հայաստանի գինու զբոսաշրջային հնարավորությունները, գինեգործության ներուժը։ Սա կօգնի մեզ լայն ճանաչում ունենալ։ Յուրաքանչյուր հյուրի հետ ճիշտ աշխատելը շատ կարևոր է, որովհետև հետո լավ տպավորություններ ունեցած հյուրերը դառնում են  մեր դեսպանները»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Ինչ վերաբերում է միջոցառման շրջանակում ներկայացվող գինիներին, ապա մասնագետները վստահեցրին, որ այցելուները տպավորված են վերադառնալու։ Զարուհի Մուրադյանը նկատեց, որ Հայաստանը հարուստ է խաղողի տեղական սորտերով, իսկ տեղական գինի արտադրողները շեշտը դնում են հենց այդ տեսակների վրա։ Արդյունքում շուկա է դուրս բերվում ինքնատիպ, որակյալ գինի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում