Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում. Չեն Մին

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» օդանավակայանում կայացավ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 3-ից գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև՝ վերոհիշյալ երթուղով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ չինական կողմը ոգևորությամբ է դիմավորում Չինաստանի Հարավային Ավիաուղիների  առաջին չվերթը Ուրումչիից Երևան։  Այսօր ավելի ուշ նաև տեղի կունենա Երևանից դեպի Ուրումչի իրականացվող չվերթը:

«Սա Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, որը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»: Չնայած Չինաստանն ու Հայաստանը  իրարից շատ հեռու են գտնվում, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի և շարունակում է զարգանալ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում չին-հայկական կապերը պահպանում են առողջ և կայուն զարգացում: Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճում է: Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն Է Անդրկովկասում և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից առաջին երկրներից մեկը»,- նշեց Չեն Մինը:

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 40%-ով: Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 110 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Վերջին տարիներին երկու երկրներն իրականացրել են փոխադարձ ազատ վիզային մուտքի քաղաքականություն։

«Այսօր ուղիղ օդային հաղորդակցության բացումը ստեղծում է «օդային կամուրջ», որը կապում է երկու մայրցամաքները՝ բացելով մարդկանց փոխանակման և տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ: Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը Չինաստանի բաց քաղաքականության բարձր մակարդակի պրակտիկա է և ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունը՝ խորացնելու իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները: Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միանալ Չինաստանի սրընթաց զարգացմանը և կիսել այդ զարգացման պտուղները»,- ասաց Չեն Մինը:  

Նրա խոսքով՝ Ուրումչին Չինաստանի կարևոր դարպասն է դեպի արևմուտք, որտեղից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Պեկին, Շանհայ և այլ քաղաքներ՝ ծանոթանալու Չինաստանի տարբեր շրջանների մշակույթին և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ:

«Հուսով եմ, որ ավելի շատ հայ ընկերներ կկարողանան օգտվել դեպի Չինաստան ուղիղ չվերթներից ՝ տեսնելու և զգալու ժամանակակից Չինաստանն իր ողջ օբյեկտիվությամբ և բազմակողմանիությամբ: Հուսով եմ նաև, որ երկու կողմերի ձեռնարկությունները ավելի ակտիվ մասնակցություն կունենան շուկաների ընդլայնման և մեր երկրների միջև գործնական համագործակցության մեջ նոր հաջողությունների հասնելու գործում՝ շարունակելով գրել Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության նոր գլուխ»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:  

«Չինական հարավային ավիաուղիների» Սինցզյան մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Հե Դաանն իր հերթին նշեց, որ երկու երկրների կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների ջանքերի, ինչպես նաև բոլոր ղեկավարների և գործընկերների հոգածության շնորհիվ այսօր հաջողությամբ կայացավ «Չինական Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության առաջին չվերթը Ուրումչի-Երևան երթուղով, ինչը կարևոր իրադարձություն է և պատասխանն է երկրի «մեկ գոտի, մեկ  ճանապարհ» կառուցելու կոչին, ինչպես նաև նշանակալի քայլ է Սինցզյանում ազատ առևտրի գոտու կառուցման շրջանակներում Ուրումչիի հանգույցի զարգացման գործում:

«Այն նաև նպաստում է Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական և առեւտրային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստում է երկու երկրների միջև մշակութային փոխանակմանը: 2020 թվականի հունվարին ուժի մեջ է մտել Չինաստանի և Հայաստանի միջև ազատ վիզային ռեժիմ։  Ուրումչի-Երևան չվերթի բացումը նշանավորում է կանոնավոր ավիահաղորդակցության սկիզբը: Չինաստանի Հարավային ավիաուղիներն այժմ թռիչքներ է իրականացնում Կովկասի բոլոր երեք երկրներ: Չվերթի բացումից հետո մեր երկու երկրների բնակիչները կկարողանան հասնել իրենց նպատակակետին ընդամենը 5 ժամում։ Չինացի զբոսաշրջիկները կարող են Երևանով հարմարավետ ճամփորդել Կովկասով, իսկ հայ ուղևորները կարող են հեշտությամբ հասնել Չինաստանի 41 քաղաքներ, ինչպիսիք են Պեկինը, Շանհայը և Գուանչժոուն, այդպիսով ստեղծելով օդային կամուրջ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության համար»,- ասաց Հե Դաանը:

Նրա խոսքով՝ Ուրումչին ունի հարուստ զբոսաշրջային ռեսուրսներ և էթնիկ մշակույթների բազմազանություն՝ պահպանելով Մետաքսի ճանապարհի եզակի մշակութային ժառանգությունը: Տվյալ ավիաչվերթի բացումն էլ ավելի կկրճատի երկու քաղաքների միջև հեռավորությունը՝ ապահովելով ավելի հարմար հարթակ երկու երկրների միջև առևտրի համար: Դա կնպաստի յուրաքանչյուր կողմի առավելությունների լիարժեք օգտագործմանը և համագործակցության ամրապնդմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և արտադրությունը: Բացի այդ, դա կգրավի ավելի շատ ձեռնարկությունների և ներդրողների՝ մասնակցելու երկու երկրների տնտեսական շինարարությանը, ինչը դրական ներդրում կունենա տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության բարգավաճման գործում:

«Ապագայում «Չինական Հարավային Ավիաուղիներն» ակտիվորեն կօգտագործի իր սեփական հզորությունների և երթուղային ցանցի առավելությունները և կձգտի կարևոր դեր խաղալ Մետաքսի ճանապարհի կենտրոնական գոտու կառուցման և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կառուցման գործում, ինչպես նաև ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում»,- եզրափակեց «Չինական հարավային ավիաուղիների» Սինցզյան մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալը։

Մանվել Մարգարյան

Հայերեն العربية English Français Русский 中文

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում