Սփյուռք

Սփյուռքից Հայաստան եկող քաղաքացիների հոսքը 2024 թվականին կայուն է, տարվա ընթացքում միտումը էապես չի փոխվել

3 րոպեի ընթերցում

Սփյուռքից Հայաստան եկող քաղաքացիների հոսքը 2024 թվականին կայուն է, տարվա ընթացքում  միտումը  էապես չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքից Հայաստան եկող քաղաքացիների հոսքը 2024 թվականին կայուն է, տարվա ընթացքում միտումն էապես չի փոխվել:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝  նշելով, որ այս պահին որևէ փոփոխություն չեն էլ ակնկալում, եթե աշխարհում որևէ  լուրջ բան տեղի չունենա: 

Ըստ նրա՝  սփյուռքից դեպի Հայաստան եկող քաղաքացիների հոսքի մասով այս տարի պատկերը նույն, է ինչ 2023 թվականին:

«Հավանաբար 2022 թվականը այն տարին էր, երբ մենք առավել մեծ թվով հոսք ունեինք, և դա հիմնականում պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով: Քաղաքացիների հոսքը, իհարկե, տարաբնույթ է, սակայն այս տարի կրկին առավել շատ քաղաքացիների հոսք գրանցվել է Ռուսաստանից: Հոսք կա նաև Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Իրաքից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից»,- ասաց Սինանյանը: 

Անդրադառնալով գրասենյակի առաջիկա  ծրագրերի մասին հարցին՝ գլխավոր հանձնակատարը նշեց՝ առայժմ նոր ծրագրեր չունեն:

«Իրականացվող ծրագրերի մասով նշեմ, որ այն, ինչ ունենք, արդեն բավարար է և նույնիս դա շատ մեծ աշխատանք է պահանջում: Շարունակական բնույթ է կրում մեր «իԳործ»  ծրագիրը, այս պահին պիլոտային փուլում է նաև «իԳործ մարզեր» ծրագիրը: Պիլոտային փուլում է նաև «ԴիասՊրո» ծրագիրը, որը «իԳործ»-ի ավելի փոքր և թեթև տեսակն է այն իմաստով, որ չի պահանջում մարդկանց մեկ տարվա ներկայությունը Հայաստանում․ այն նույնպես կամավորական սկզբունքներով ծրագիր է: Շարունակական է նաև երիտասարդ դեսպանների ծրագիրը, իսկ վերջերս   ավարտեցինք այս տարվա «Քայլ դեպի տուն» ամառային ճամբարների փուլը»,-նշեց Սինանյանը:

Խոսելով սփյուռքի հանձնակատարների  ինստիստուտի  ձևավորման աշխատանքներից՝ նա ընդգծեց, որ այս տարի շատ ակտիվ շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները:

«Այս պահին Եվրոպայի տարբեր երկրներում նշանակված 17 հանձնակատար կա: Սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովից հետո սկսելու ենք ԱՄՆ-ում, Կանադայում և Լատինական Ամերիկայում հանձնակատարների նշանակման գործընթացը: Սա նուրբ հարց է, քանի որ մինչև նշանակումը մենք համոզվում ենք, որ համայնքում համապատասխան ընկալումը կա, թե ինչ է իրենից ներկայացնում սփյուռքի հանձնակատարը, և մենք ունենք ճիշտ թեկնածուներ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որը մենք սահմանել ենք հանձնակատարների համար: 

Գլխավոր հանձնակատարը նշեց՝  այս գործընթացը բավական լուրջ աշխատանք է պահանջում, բայց Եվրոպայում նշանակումների փորձը ցույց տվեց, որ աշխատանքը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ըստ նրա՝  աշխարհի տարբեր մասերում, որտեղ կան հայկական համայնքներ, այդ գործընթացը հաջող ընթացք է ունենալու:  

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում