Կրթություն

Երևանում սկսում է գործել Հայ-իտալական ինստիտուտը

5 րոպեի ընթերցում

Երևանում սկսում է գործել Հայ-իտալական ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կգործի Հայ-իտալական ինստիտուտ, որի բացումը օգոստոսի 29-ին պաշտոնապես ազդարարվեց Երևանում: Նոր կրթօջախի համահիմնադիրը հայկական կողմից «Եվրասիա» միջազգային համալսարանն է, իտալականից՝ Տուշիայի համալսարանը և Պերուջայի օտարերկրացիների համալսարանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ուսումնական հաստատության ստեղծման հուշագիրն իրենց ստորագրություններով վավերացրեցին «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, Տուշիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեֆանո Ուբերտինին և Պերուջայի օտարերկրացիների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վալերիո դե Սեզարիսը:

Ստորագրման արարողությունից հետո նրանք իրենց ելույթներում կարևորեցին նման նախագծի իրագործումը և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնեցին:

Սուրեն Օհանյանն արձանագրեց, որ ինստիտուտի ստեղծմամբ նոր որակ է հաղորդվել կողմերի բազմամյա համագործակցությանը:

«Մինչև այժմ մեր առանձին ստորաբաժանումներ բնականոն համագործակցություն են զարգացրել Իտալիայի բուհերի հետ: Կցանկանայի հատուկ շեշտել Տուշիայի համալսարանի հետ ավելի քան 10 տարիների ընթացքում ծավալված արդյունավետ աշխատանքը։ Հայ-իտալական ինստիտուտի հիմնադրումը հատկապես կարևոր է այդ համագործակցությունն ավելի համակարգված դարձնելու և նոր նախաձեռնությունները օպերատիվորեն զարգացնելու առումով»,- նշեց հայ գիտնականը:

Նա տեղեկացրեց, որ ինստիտուտը կառաջարկի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով կրթագիտական տարբեր նախագծեր։ Կլինեն նաև իտալերենի դասընթացներ։

Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ «Հայ-իտալական հարաբերություններ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով քննարկում, որին ռեկտորների և նրանց գլխավորած պատվիրակությունների անդամների հետ մասնակցեցին նաև ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչները։ Բանախոսներն անդրադարձան հայ-իտալական հարաբերությունների արդի վիճակին, միջպետական համագործակցությանը և Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետ կապված խնդիրներին, ակադեմիական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին: 

Մասնավորապես, Սուրեն Օհանյանը նշեց, որ ինստիտուտի գործառույթը կարևորում է նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով:

«Հուսով եմ՝ հայ-իտալական ինստիտուտը տարբեր ձևաչափերով հարթակներ կառաջարկի քաղաքագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին՝ արդյունավետ երկխոսություն ծավալելու նպատակով։ Անդրադառնալով մեր ակադեմիական աշխատանքներին՝ պետք է նշեմ, որ Տուշիայի համալսարանի հետ արդեն իսկ ունենք երկու մասնագիտությունների ուղղությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրեր՝ մարդու իրավունքներ և անվտանգություն ու շրջանաձև տնտեսության կառավարում մասնագիտություններով։

Վերջերս Իտալիա կատարած մեր այցի ընթացքում քննարկվել է դիզայների մասնագիտության գծով բակալավրի համատեղ դիպլոմի կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը։ Հուսով ենք՝ իտալերենի դասավանդման, օտար լեզուների ուղղությամբ կրկնակի դիպլոմի ծրագրերի առումով էլ կկարողանանք արձանագրել էական առաջընթաց»,- ասաց Սուրեն Օհանյանը։

Հայ-իտալական ինստիտուտն իրականացնելու է Իտալիայի համալսարանների հետ համատեղ կրկնակի դիպլոմի ծրագրեր, նպատակային հետազոտական նախագծեր, ուսանողների և դասախոսների փոխայցելությունների ծրագրեր, համալսարանի ուսանողների և հանրության լայն շրջանակների համար իտալերենի դասավանդման դասընթացներ, հայ-իտալական համագործակցության և Հայաստան-ԵՄ ինտեգրման խթանմանը միտված տարբեր ծրագրեր, մշակութային երկխոսության և բիզնես փոխգործակցության զարգացման նախագծեր և այլն։

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում