Քաղաքականություն

Էրդողանի հայտարարությունը Իսրայել մտնելու մասին աղմկոտ դիվանագիտության արտահայտություն է․ թուրքագետ

6 րոպեի ընթերցում

Էրդողանի հայտարարությունը Իսրայել մտնելու մասին աղմկոտ դիվանագիտության արտահայտություն է․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն Իսրայել մտնելու մասին կարելի է բնութագրել որպես աղմկոտ դիվանագիտության մի արտահայտություն, քանի որ Էրդողանը հաճախ հանդես է գալիս նմանօրինակ հայտարարություններով, որոնք իրականություն հետ աղերսներ չունեն։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում։ 

«Իրականում Թուրքիան, իհարկե, հնարավորություն չունի որևէ ռազմական գործողություն ձեռնարկել Իսրայելի դեմ։ Այստեղ էական է ոչ այնքան այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը, այլ այն, որ թուրքական զինված ուժերը նման գործողություն իրականացնելու համար մեծապես կախված կլինեն Միացյալ Նահանգների օժանդակությունից։ Եթե անգամ տեսականորեն համարենք, որ դա կարող է իրականություն լինել, միևնույնն է, այդ դեպքում իրականության հետ աղերսներ գտնելը շատ դժվար է։ Էրդողանի հայտարարությունն ընդամենը աղմուկ հանելու բնագավառից է»,-ասաց Սաֆրաստյանը։ 

Նրա համոզմամբ՝ Թուրքիայի նախագահի քայլը նաև մահմեդական աշխարհում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ ունի, որը բնութագրվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ 

«Արտաքին հանգամանքն այն է, որ Էրդողանը ցանկանում է ամեն գնով մահմեդական աշխարհում բարձրացնել Թուրքիայի հեղինակությունը, բայց չպետք է մոռանալ, որ մի շարք արաբական երկրներ Իսրայելի հետ ունեն նորմալ հարաբերություններ նույնիսկ այս պայմաններում։ Եվ երկրորդ՝ չնայած Թուրքիայից հնչում են նման աղմկոտ հայտարարություններ՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն խզվում։ Մարդիկ դա տեսնում են, էլ չասած այն մասին, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև տակավին շարունակվում է գաղտնի առևտուրը, մասնավորապես, էներգակիրների բնագավառում։ Իսկ ինչ վերաբերում է ներքին գործոնին, ապա Թուրքիայում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի կուսակցության հեղինակությունը բավականին անկում է ապրել, և ընդդիմությունը զգալիորեն ուժեղացրել է իր ազդեցությունն ու դիրքերը, ուստի այդ տրամաբանությամբ է պայմանավորված այն իրողությունը, որ Էրդողանը ցանկանում է երկրի իսլամամետ զանգվածներին ավելի սերտորեն կապել իր հետ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ այդ կերպ ընթանում են նախընտրական պայքարի առաջին փուլերը, առավել ևս, որ Թուրքիայի ներքին կյանքում առաջանում է մի նոր ու հետաքրքիր երևույթ։

«Դա կարելի է անվանել նոր «Բարօրություն» կուսակցության ֆենոմեն։ Այսինքն՝ հարևան երկրում կա մի քաղաքական ուժ, որը շարունակում է ժամանակին ստեղծված «Բարօրություն» կուսակցության ավանդույթները և այժմ էլ հանդես է գալիս նույն անվամբ, որի ղեկավարն, ի դեպ, Նեջմեթին Էրբաքանի որդին է, այն իսլամամետ գործչի, ով հիմնադիրն է վերոհիշյալ կուսակցության և եղել է Էրդողանի հոգևոր հայրը։ Այդ քաղաքական կուսակցությունը Թուրքիայում այժմ հավակնում է դառնալ երրորդ ուժը, որն Էրդողանի համար վտանգավոր է այն առումով, որ ունի արմատական իսլամիստական հենք և կարող է իսլամամետ ընտրողների մի զգալի հատվածի ձայները պոկել-տանել Էրդողանից դեպի իր կողմը, հետևաբար Էրդողանին ներքին քաղաքական պայքարում անհրաժեշտ է պոտենցիալ ընտրողների բազան պահպանել ու ընդլայնել թուրքական հասարակության իսլամամետ հատվածի շնորհիվ։ Նաև հենց դրան էր միտված Էրդողանի ռազմատենչ հայտարարությունը»,- ասաց թուրքագետ ակադեմիկոսը։  

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է նման դեպքում դիրքավորվի ԱՄՆ-ն, որն հանդիսանում է Թուրքիայի ու Իսրայելի դաշնակիցը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների համապատասխան կառույցները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։

«Նրանք լավ գնահատում են և՛ Թուրքիայում առկա իրադրությունը, և՛ Էրդողանի աղմկահարույց դիվանագիտությունը, և՛ առհասարակ այդ երկրի ներուժը։ Այսինքն՝ Վաշինգտոնում նման հայտարարություններն ընդունում են որպես վերոհիշյալ դիվանագիտության արտահայտություն, որի տակ իրական ոչինչ չկա։ Թուրքիայի ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով համագործակցում են ամերիկացի գործընկերների հետ և անմիջական շփման մեջ են նրանց հետ։ Այնպես չէ, որ հանդիպում են ամիսը մեկ անգամ։ Հավանաբար, թուրքական կողմից բացատրել են, թե Էրդողանի հայտարարությունն ինչ նպատակներ ունի, թեև ամերիկյան կողմն իր հերթին շատ լավ պատկերացնում է, որ Թուրքիան չի կարող դա անել, որովհետև չունի հնարավորություններ, և այս պարագայում Թուրքիան չունի Իսրայելի վրա հարձակվելու իրական ցանկություն»,- եզրափակեց թուրքագետ ակադեմիկոսը։ 

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում