Տնտեսություն

Տնտեսական աճը 2024-ին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում. նախարարն ամփոփել է բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականը

8 րոպեի ընթերցում

Տնտեսական աճը 2024-ին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում. նախարարն ամփոփել է բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջի արդյունքում կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: 2024-ի առաջին կիսամյակում հավաքագրվել են բյուջեով պլանավորվածից ավելի քիչ հարկային եկամուտներ, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա առաջին կիսամյակում 40 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել, միայն Պաշտպանության նախարարության գծով իրականացվել է 20 մլրդ դրամից ավելի կապիտալ ծախս: Իսկ պետական պարտքը տարեվերջին, կանխատեսվում է, որ կկազմի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսը: «Արմենպրես»-ը 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման արդյունքների վերաբերյալ զրուցել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ: 

«Բյուջեն բավականին լավ է կատարվում՝ իր ծախսային մասով: Լավ կատարման բնորոշիչ է  նաև մեր վերաբաշխումների քանակը: Մենք շարունակաբար բարելավում ենք մեր պլանավորման մակարդակը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այն զարգացումները, որ նախորդ տարի կանխատեսվել են 2024-ի համար բյուջեն կազմելիս, ոչ ամբողջությամբ են իրականացել՝ նաև այն պատճառով, որ այդ ժամանակ ամբողջական պատկեր չի եղել 2023-ի ՀՆԱ-ի, դրա կառուցվածքի վերաբերյալ: Առաջին կիսամյակում հավաքագրված հարկային եկամուտները կանխատեսածից ավելի ցածր են 117 մլրդ դրամով: Սակայն հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են: Ըստ նախարարի՝ եկամուտներն աճում են տնտեսական զարգացումներին համահունչ:  

Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր միջազգային կազմակերպություններն առնվազն 6 ամիսը մեկ թարմացնում են իրենց կանխատեսումները, ինչը նորմալ երևույթ է: 

«2023-ի արդյունքները և 2024-ի զարգացումներն այնպիսին են, որ մենք հիմա կանխատեսում ենք, որ այն հարկային եկամուտների մակարդակը, որը մենք դրել էինք բյուջեում, չի կարող ապահովվել տարեվերջին: Սակայն, երբ մենք կանխատեսում ենք բյուջեն,  դրա մեջ դնում ենք տարբեր սցենարներ, որոնց հիման վրա էլ ապահովում ենք որոշակի ֆիսկալ բուֆերներ: Դրա համար մենք ունենք պահուստային ֆոնդ: Ռիսկերը նյութականանալու պարագայի համար նախատեսում ենք գումարներ, որոնք չենք բաշխում: Այդ նպատակով այս տարի մենք ունեցել ենք աննախադեպ մեծ պահուստային ֆոնդ, որովհետև գիտեինք, որ առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք կարող են այս ընթացքում նյութականանալ: Այս պահին մեր պահուստային ֆոնդում առկա է շուրջ 55 մլրդ դրամ: Դա բավարար է, որ այն խնդիրները, որ մեզ մոտ հարկերի թերհավաքագրման դեպքում, կարողանանք մեղմել կամ ընդհանրապես չեզոքացնել»,-վստահեցրեց նախարարը:  

Վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունում դրական շոկ է գրանցվել:

«Ունեինք Ռուսաստանից մեծ ներհոսք, արտահանման կտրուկ աճ՝ որոշ մասը նաև վերաարտահանման տեսքով: Այս գործոնները հետզհետե թուլացել են: Եվ մենք, այսպես ասած, վերադառնում ենք մեր պոտենցիալ աճի տիրույթ, որը նախկինում եղել է 4 տոկոսի շրջանակում, բայց վերջին տարիներին մեր իրականացրած քաղաքականությունների արդյունքում այն գնահատվում է մոտ 5․5 տոկոս»,-հավելեց նա:

Վերարտահանման ծավալները նվազել են, սակայն, ըստ նախարարի, արտահանման այն աճը, որը գրանցվել է 2022–2023թթ, շարունակում է պահպանվել, նվազումը մի փոքր է հիմա:

Վիճակագրական կոմիտեն օրեր առաջ հրապարակել է վերանայված տվյալներ, վերանայվել են 2023 թվականի տարեկան, ինչպես նաև 2024 թվականի I եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները: Ըստ կոմիտեի՝ 2023 թվականի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 52 046.6 մլն․դրամով, 2024 թվականի I եռամսյակի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 48 290.8 մլն․դրամով և կազմել 1 922 939.6 մլն․ դրամ:

«Ըստ էության մաքրվել է այն ազդեցությունը, որը նախկինում ուռճացված հաշվարկվում էր ոսկու վերաարտահանման պատճառով, որովհետև ոսկին ոչ միայն վերաարտահանվում էր, այլ նաև որոշակի վերամշակում էր անցնում Հայաստանում: Եվ այդ վերամշակման ավելացված արժեքը գերագնահատված էր: Այդ պատճառով վիճակագրական կոմիտեն, այդ թվում նաև հաշվի առնելով Ֆինանսների նախարարության դիտարկումները, վերանայել է: Դրա համար հիմա ունենք ավելի իրական պատկեր, թե ինչպիսին է մեր տնտեսական աճը»,–ասաց նախարարը:

2024-ի պետական բյուջեի մասին օրենքում թիրախ էր դրվել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: 

«Իհարկե, առջևում 4 ամիս ունենք, և դեռ կարող են բավականին փոփոխություններ տեղի ունենալ, սակայն մեր այսօրվա կանխատեսումը մեզ հուշում է, որ տնտեսական աճը կլինի մոտ 6 տոկոսի շրջանակներում»,-նշեց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա Հովհաննիսյանը շեշտեց, որ շարունակում են բարելավել ծախսերի կատարողականը: Ըստ էության, տոկոսային առումով ընթացիկ ծախսերը կատարվել են գրեթե նույն չափով: Սակայն կապիտալ ծախսերի մասով էական բարելավումներ կան: «Կարող եմ ուրախությամբ ասել, որ բացարձակ առումով առաջին կիսամյակում իրականացրել ենք 40 մլրդ-ով ավելի կապիտալ ծախս: Պաշտպանության նախարարության գծով իրականացրել ենք 20 մլրդ-ից ավելի կապիտալ ծախս: Պետական ընթացակարգերով իրականացվող կապիտալ ծախսերի մասով ունենք 17 մլրդ-ից ավելի կատարված ծախս: Սա վկայում է նրա մասին, որ մենք մի կողմից ավելի ճիշտ ենք պլանավորել մեր ծախսերը, մյուս կողմից ժամանակային առումով ճիշտ ենք կազմակերպել բոլոր ընթացակարգերը և կարողացել ենք զգալիորեն բարելավել այս ցուցանիշը: Մենք բոլորս գիտենք, որ այդ կապիտալ ծախսերի ժամանակին իրականացումը ապահովում է մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացումը»,–հավելեց  նա:

Բացարձակ առումով ծախսերի թերակատարումն ավելի մեծ է, քան եկամուտների թերակատարումը: «Ուստի պլանավորված պակասուրդի փոխարեն ունենք 11 մլրդ դրամի հավելուրդ: Պայմանավորված է նաև նրանով, որ 3-րդ և 4-րդ եռամսյակներում մեր ծախսերն ավելի շատ են լինում, քան առաջին 2 եռամսյակներում: Կարծում եմ, որ տարվա արդյունքներով կունենանք պակասուրդի այն մակարդակը, որը պլանավորել էինք»,-նշեց նախարարը: 

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական պարտքն ավելացել է շուրջ 443 մլրդ դրամով կամ մի փոքր ավելի, քան 1 մլրդ դոլարը: Սա, ըստ նախարարի, պլանավորված  գործընթաց է: 

«Բյուջեով կանխատեսել էինք պետական պարտք-ՀՆԱ  48.4 տոկոս մակարդակ, սակայն մեր ներկայիս կանխատեսումներով, որի մասին գրել ենք նաև միջնաժամկետ ծախսային ծրագրում, այս տարվա վերջին ակնկալում ենք, որ պարտքի մակարդակը կլինի 50 տոկոսի շրջանակներում»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ մինչև այս պահը մոտ 1.5 մլրդ գումար են հատկացրել աղետի գոտու բնակչությանը և բիզնեսներին: Իհարկե, կան որոշ վտանգված ենթակառուցվածքներ, որոնք փոխարինման և վերակառուցման կարիք ունեն, ինչն ավելի երկարատև գործընթաց է: Հիմա նախագծման աշխատանքներ են իրականացվում՝ հիմնովին վերակառուցելու այն կետերը, որտեղ փլուզումներ էին տեղի ունեցել: Տրված են ժամանակավոր լուծումներ, սակայն ավելի երկարաժամկետ լուծումներ պետք է տրվեն:  

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում