Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շեբեկինոյի քաղաքային շրջանում 10 գնդակոծության ընթացքում 55 զինամթերք է արձակվել մի շարք բնակավայրերի վրա, հարվածներ են հասցվել ինը անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից մեկը խոցվել է: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, վնասվել են մեքենաներ, բազմաբնակարան շենքեր, մասնավոր տնային տնտեսություններ, վարչական շենք, ինչպես նաև վնասվել է էլեկտրահաղորդման գիծ։
Գրայվորոնի քաղաքային շրջանի գնդակոծումների ընթացքում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ, վնասվել են երկու մասնավոր տուն, երկու ավտոմեքենա և սոցիալական օբյեկտ:
Կրասնայա Յարուգայի շրջանի վրա հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ, սոցիալական օբյեկտ։ Վալույկիի շրջանում 5 ԱԹՍ է արձակվել երեք բնակավայրերի ուղղությամբ, վնասվել են տներ և սարքավորումներ գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ գնդակոծվել է նաև Բելգորոդի շրջանը:
Օգոստոսի 15-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հատարարել էր, որ երկրի իշխանությունները լրացուցիչ ուժեր և միջոցներ կուղարկեն Բելգորոդի մարզի պաշտպանության համար։