Հայաստան

Քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունները պետք է մինչև սեպտեմբերի 17-ը դիմեն վերալիցենզավորման համար. մանրամասներ

6 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունները պետք է մինչև սեպտեմբերի 17-ը դիմեն վերալիցենզավորման համար. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է մինչև սեպտեմբերի 17-ը դիմեն վերալիցենզավորման համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Քաղաքաշինության կոմիտեից, նշելով, որ հին լիցենզիայի և ներդիրի գործողությունը համարվելու է դադարեցված նույնիսկ այն պարագայում, երբ կազմակերպությունը հաղթող է ճանաչվել գնումների գործընթացում, կամ ձեռք բերված աշխատանքների կամ ծառայությունների պայմանագրային ժամկետները լրանում են 2024 թվականի սեպտեմբերի 17-ից հետո։ 

«2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամիս անցումային ժամանակահատված է սահմանվել վերալիցենզավորման համար։ Ոլորտում գործող կազմակերպություններին տրվել է բավականաչափ ժամանակ մինչև սեպտեմբերի 17-ը լիցենզիայի դասակարգումը սահուն, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման կազմակերպելու համար։

Այսպիսով՝ տնտեսվարող սուբյեկտի տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am էլեկտրոնային համակարգ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Սկզբում «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» հատվածից անհրաժեշտ է ընտրել ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված համապատասխան դասի լիցենզիա ստանալու համար։ Այնուհետև լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուր ներդիրի համար լրացնել առանձին հայտ»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Ըստ նույն հաղորդագրության՝ առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Նա կարող է դիմել քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (ծածկագիր N 01) և շինարարության իրականացում (ծածկագիր N 03) գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (ծածկագիր N 02), շինարարության որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիր N 04) և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (ծածկագիր N 05) գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար: Սկսնակ կազմակերպությունը պետք է առաջնորդվի ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ:

Հայտատուի կազմում պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետները կարող են ներգրավվել, եթե առկա է օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր, որն ամրագրված է տվյալ մասնագետի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։ Քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանք կատարողների տվյալները չեն արտացոլվում համակարգում։

Մեքենաների, մեխանիզմների ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է կցել համապատասխան տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր: Հավելենք, որ հավաստագրված մասնագետը չի կարող հանդես գալ նույն ընկերության համապատասխան ոլորտի ներդիրի ինժեներատեխնիկական անձնակազմում։ Ի դեպ, հայտատուի ինժեներատեխնիկական անձնակազմում ընդգրկված մասնագետը պարտադիր չէ, որ ունենա ոլորտին համապատասխան որակավորում և լինի հավաստագրված։ Բավական է ունենալ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ, վկայական և այլն)՝ անկախ ոլորտից (ՀՀ կառավարության 30.11.2023թ.  N 2106-Ն որոշում, 1-ին հավելված, 10-րդ կետ, 3-րդ ենթակետ):

Քաղաքաշինության բնագավառի լիցենզիա և համապատասխան ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետով:

urban.e-gov.am էլեկտրոնային հարթակը, համակցված լինելով տեղեկատվական այլ բազաների հետ, հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով արտացոլել և ստուգել մի շարք տվյալներ։ Որպես փաստաթուղթ կցվում են կազմակերպության կողմից կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները։ Բացի այդ, ոլորտից կախված կցվում են նաև մեքենաների, մեխանիզմների և տեխնիկական միջոցների, սարքավորումների սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (տեխնիկական անձնագրի, վարձակալության պայմանագրի, սեփականության վկայականի և այլ հիմնավորող փաստաթղթերի պատճեններ), շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն և լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ, նյութեր:

Պատասխանատու մասնագետի հավաստագիրը և տնտեսվարող սուբյեկտի լիցենզիան տրամադրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, որոնց վավերականությունը հաստատվում է QR կոդով։ Թղթային տարբերակի անհրաժեշտություն չկա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում