Բանգլադեշի նախկին վարչապետի դեմ քրեական գործ են հարուցել սպանության մեղադրանքով
2 րոպեի ընթերցում
![Բանգլադեշի նախկին վարչապետի դեմ քրեական գործ են հարուցել սպանության մեղադրանքով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/13/xWW1LXWbJLo5ui6xFUnXTJv36Udk94M7p69Qq1fN.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի դեմ հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Հարավասիական հանրապետության կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում է մթերային խանութի սեփականատեր Աբու Սայեդի սպանության մեջ, որը գնդակահարվել է հուլիսի 19-ին Դաքայում պետական աշխատատեղերի քվոտաների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Dhaka Tribune թերթը նշում է, որ Սայեդը մահացել է ոստիկանության արձակած գնդակից։ Տեղացի ձեռնարկատիրոջ սպանության գործով հայցը Դաքայի դատարանում հարուցվել է Մոհամմադփուրի շրջանի բնակիչ Ամիր Շատիլի անունից։
Բացի Շեյխ Հասինայից, գործով մյուս մեղադրյալներն են նախկին իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը, ներքին գործերի նախկին նախարարը, ոստիկանության նախկին գլխավոր տեսուչը և մի շարք այլ բարձրաստիճան ոստիկաններ:
Բանգլադեշի Քրեական օրենսգրքի համաձայն՝ սպանության համար այդ երկրում նշանակվում է ամենախիստ պատիժը, այդ թվում՝ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ։
Օգոստոսի 5-ին Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից իր դեմ հուլիսից շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։ Անկարգությունների հետևանքով Բանգլադեշում զոհվել է ավելի քան 400 մարդ։ Որոշ ԶԼՄ-ների հաշվարկով՝ զոհերի թիվը հասել է 560-ի։
Ներկայում հանրապետությունում կազմվել է ժամանակավոր կառավարություն, որը գլխավորում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսը: