Իրավունք

Օպերային թատրոնն անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի ընդհատումները. ղեկավար կազմը կդիմի իրավասու մարմիններին

2 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնն  անթույլատրելի է համարում էլեկտրաէներգիայի ընդհատումները. ղեկավար կազմը կդիմի իրավասու մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա է հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը: 

«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ եւս դադարեցվել է հերթական ներկայացումը։

​Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն եւ բարոյական վնաս, այլեւ նյութական եւ ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է թատրոնի անձնակազմի տարածած հայտարարության մեջ: 

Հայտարարության հեղինակներն անթույլատրելի են համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար եւ տեւական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ թատրոնը կդիմի իրավասու մարմիններին:

«Հայցում են հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաեւ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա»,- եզրափակվում է հայտարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում