Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

3 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մարմնամարզիկները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ՕԽ մասնակից Վահագն Դավթյանը և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները «Հայաստանի տանը» հանդիպեցին Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը և այլոք:

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան առանձնակի ընդգծեց մարմնամարզիկների կատարած աշխատանքը Օլիմպիական խաղերի ընթացքում:

«Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր ասել Արթուր Դավթյանին, ով դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հենց Փարիզում: Վստահ եմ՝ այստեղ նվաճած արծաթը Լոս Անջելեսում կվերածվի ոսկե մեդալի: Փարիզը և մենք բոլորս միշտ ձեր կողքին կլինենք: Այդպես է եղել նախկինում, այդպես է հիմա և այդպես է լինելու վաղը»,-ասաց Նգաչան:

Վերջինիս խոսքով` Փարիզի քաղաքապետարանում սպասում են առաջին իսկ հնարավորությանը հայ մարզիկներին հենց այնտեղ հյուրընկալելու համար:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանին ու Վահագն Դավթյանին, ասաց. «Ձեր շնորհիվ ապրեցինք գեղեցկության, հուզմունքի, հպարտության պահեր: Ամբողջ Հայաստանը, ամբողջ սփյուռքը մեկ մարդու նման հետևում էր ձեզ: Երկուսդ իսկապես հիասքանչ էիք»:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը իր շնորհակալական խոսքը հղեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Օլիմպիական խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 

«Մենք հասել ենք այն մակարդակին, որ արծաթե կամ բրոնզե մեդալները մեզ չեն բավարարում: Սակայն երկրի համար նվաճված ցանկացած մեդալ մեր երկրի պատիվն ու հպարտությունն է: Մենք պետք է յուրաքանչյուր մեդալի համար շնորհակալություն հայտնեք թե՛ մարզիչներին, թե՛ մարզիկներին: Ուզում եմ խոսել մեր մարզաձևին Հայաստանի կառավարության աջակցության մասին: Վերջին տարիներին այն չափազանց մեծ է»,- ասաց Վանոյանը: 

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: 

Օղակների եզրափակչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել է 6-րդ հորիզոնականը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում